Home / Հայաստան / ԲՀԿ-ականը Գագիկ Ծառուկյանին նախապես ասել է, որ սատարելու է Սերժ Սարգսյանին

ԲՀԿ-ականը Գագիկ Ծառուկյանին նախապես ասել է, որ սատարելու է Սերժ Սարգսյանին

Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախապես տեղյակ է պահել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որ գալիք նախագահական ընտրություններում սատարելու է Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանին: Հիշեցնենք, որ Բալասանյանը ՀՀ գործող նախագահին սատարելու մասին հայտարարել էր երեկ մամուլի ասուլիսի ժամանակ, իսկ ավելի ուշ մամուլի հաղորդագրությամբ էր հանդես եկել՝ մանրամասնելով իր որոշման դրդապատճառները:

«Որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ ես ընդունում և հարգանքով եմ վերաբերում իմ կուսակցության կայացրած որոշմանը, այն է՝ նախագահական ընտրություններում չառաջադրել նախագահի թեկնածու և չսատարել թեկնածուներից որևէ մեկին: Բայց միևնույն ժամանակ որպես անհատ և որպես քաղաքացի ես կայացրել եմ իմ անձնական որոշումը, այն է՝ նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը… Իմ որոշումը ես կայացրել եմ հիմք ընդունելով Գյումրու նկատմամբ Սերժ Սարգսյանի ցուցաբերած հոգատարությունն ու կատարված հսկայական աշխատանքները: Ապագայում նախանշված բազմաթիվ ծրագրեր ևս կյանքի կկոչվեն, եթե նախագահ վերընտրվի Սերժ Սարգսյանը», – հայտարարել է Բալասանյանը: