Home / Հայաստան / Բրիտանիայի դեսպանի գրառումը կոռեկտ չէր, կարծում է ԱԳ նախարարը

Բրիտանիայի դեսպանի գրառումը կոռեկտ չէր, կարծում է ԱԳ նախարարը

Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի կողմից Հայաստանում ներքաղաքական իրավիճակի վերլուծությունը, որը օրեր առաջ դրվել է դեսպանի բլոգում, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գնահատմամբ՝ կոռեկտ չէր դիվանագիտական էթիկայի տեսակետից: Այս մասին Նալբանդյանն ասել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

«Դեսպանի հոդվածի շուրջ տարբեր կարծիքներ եղան, դրանց մի մասը միանգամայն տեղին էր: Նախընտրական փուլում ընտրությունների ելքի մասին հայտարարություններ անելը, չեմ կարծում, թե կոռեկտ է»,- ասել է Նալբանդյանը:

Նշենք, որ Քեթրին Լիչի գրառմանն արձագանքել էին նաև այլ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ-ական պատգամավոր, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել էր. «Զարմանք է հարուցուոմ, որ այլ երկիր ներկայացնող դիվանագետը թեկուզ անձնական, բայց այնուամենայնիվ հրապարակային գնահատականներ է բարձրաձայնում մեկ այլ երկրում տեղի ունեցող ու դեռևս չավարտված գործընթացի մասին»:

Իսկ Շարմազանովը նշել է, որ «դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչները և Մեծ Բրիտանիայի հարգարժան տիկին դեսպանը ճիշտ կլինի, եթե պահպանեն դիվանագիտական էթիկետը և դեռևս քարոզչության առաջին օրը չկանխորոշեն, թե ինչպիսի ընտրություններ են լինելու Հյաստանում»:

Այս արձագանքներին ի պատասխան՝ Քեթրին Լիչն իր բլոգում նոր գրառում է արել: