Home / Հայաստան / Մեդվեդևի սխալը և ՌԴ պաշտպանության նախարարի խորհուրդը Սեյրան Օհանյանին

Մեդվեդևի սխալը և ՌԴ պաշտպանության նախարարի խորհուրդը Սեյրան Օհանյանին

Մոսկվան լրջորեն անհանգստացած է պաշտոնական Բաքվի հայտարարություններով առ այն, որ Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ուժերը հրահանգ են ստացել ոչնչացնել քաղաքացիական ինքնաթիռները, որոնք «ապօրինի հատում են Ադրբեջանի օդային տարածքը»: Բաքուն նման տարածություն է համարում նաև Լեռնային Ղարաբաղի երկինքը, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն: Թերթը հիշեցնում է, որ խնդրին առավել քան արդիական է, քանի որ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում հայերը պատրաստվում են քաղաքացիական օդանավակայան բացել:

Ռուսաստանյան փորձագետների կարծիքով՝ նման դիրքորոշումը կարող է պատերազմի հանգեցնել: Բաքուն ինքնաթիռների ոչնչացման հնարավորություն է ստացել 2010 թվականին, երբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի որոշմամբ՝ Ռուսաստանը Ադրբեջանին է վաճառել երկու գերժամանակակից զենիթահրթիռային  «Ֆավորիտ» համակարգեր: Այն բանից հետո, երբ նախորդ տարի Մոսկվան և Բաքուն չկարողացան պայմանավորվել Գաբալայի ռադիոլոկացիոն համակարգի շահագործման շուրջ, ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում կայացրեց չտրամադրել Ադրեբջանին երրորդ «Ֆավորիտը»:

Այնուամենայնիվ, «Նեզավիսիմայա գազետա»-ի զրուցակից փորձագետը նշել է, որ երկու «Ֆավորիտ»-ներն ունակ են անխափան ոչնչացնել մինչև 150 կմ հեռավորության վրա գտնվող օդային օբյեկտ: Նա նաև կասկածի տակ է դրել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությունը, թե Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերը ունակ են ապահովել քաղաքացիական ավիացիայի օբյեկտների կատարյալ անվտանգությունը:

«Յուրաքանչյուր քաղաքացիական ինքնաթիռ կարող է ոչնչացվել «Ֆավորիտ»-ի կողմից, եթե այն հայտնվի զենիթահրթիրային համակարգի հսկողության գոտում», – նշել է  փորձագետը:

Աշխարհքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը նշել է, որ «Ֆավորիտ» համակարգերի վաճառքը Ադրբեջանին և ոչ թե Իրանին Դմիտրի Մեդվեդևի աշխարհքաղաքական սխալն էր: Նրա խոսքով՝ Ադրբեջանին վերաբերող այդ պայմանավորվածությունը շատ դժվար է ուղղել, իսկ պաշտոնական Բաքուն «մեծացնում է ռազմական բյուջեն և գործողություններ է իրականացնում, որոնք հակասում են Ռուսաստանի և նրա դաշնակիցների շահերին»:

Ռուսաստանյան թերթը, հղում կատարելով իր աղբյուրներին, նշում է, որ Սեյրան Օհանյանի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օրերս կայացած հանդիպման ժամանակ, հայաստանյան կողմից խորհուրդ են տվել դեռևս չսկսել քաղաքացիական ինքնաթիռների չվերթները Ստեփանակերտ: Հանդիպման ժամանակ նաև հատուկ կարևորություն է տրվել Հայաստան-Ռուսաստան նոր համաձայնագրի նախագծում առկա ռազմատեխնիկական համագործակցության տարրերին:

Բացի Շոյգուից, ռազմական համագործակցության թեմաներով Երևանում բանակցություններ են վարել նաև ՌԴ առևտրի և արդյունաբերության փոխնախարար Իգոր Կարավաևը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը պատմել է թերթին, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են «Հայաստանի տարածքում ինժեներական և զրահատանկային տեխնիկայի, հակահրթիռային համակարգերի վերանորոգման սերվիս-կենտրոնների ստեղծման հարցերը»:

«Ռուսաստանը վերջապես դեմքով է թեքվում դեպի Հարավային Կովկասում իր գլխավոր ռազմավարական դաշնակիցը: Հայաստանի ռազմական ներուժի ամրապնդումը տարածաշրջանում կայունության երաշխիքն է: Դա զսպող գործոն է Ադրբեջանի համար, որը ձգտում է ղարաբաղյան խնդիրը լուծել ռազմական ճանապարհով», – «Նեզավիսիմայա գազետա»-ի զրույցում ասել է գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչևը, ով 5 տարի զբաղեցրել է Հարավային Կովկասում ռուսաստանյան զորքերի խմբի հրամանատարի տեղակալի պաշտոնը: