Այսօր 13:40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի վրա բախում է տեղի ունեցել ոստիկանների և բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների միջև: Ակցիայի մասնակիցները ցանկացել են շարժվել դեպի Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները փակել են նրանց ճանապարհը՝ թույլ չտալով առաջ ընթանալ: Ոստիկանները հրում էին ցուցարաներին, ովքեր փորձում էին շրջանցել նրանց և շարժվել պողոտայով դեպի վերև (տեսանյութը դիտեք Epress.am-ում ավելի ուշ):
Բողոքողները ավելի վաղ իրենց երթը սկսել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքից ու շարժվել դեպի Բաղրամյան 18, որտեղ տեղակայված է ԵԱՀԿ-ը դիտորդների գրասնեյակը: Նրանց ձեռքին տարբեր բովանդակությամբ պաստառներ էին՝ «Վերջ բռնության մշակույթը կրող ռեժիմին», «Վերջ ատկատներին», «Այո, ազգային միասնությանը», «Բնակիչ, դարձիր պահանջատեր», «Ինքնորոշված քաղաքացին թաղում է օլիգարխին», «Ոչ ծախու ԿԸՀ-ին, միջազգային դիտորդներին», «Վերջ շինծու ընտրություններին»: Հավաքվածները տարբեր հասարակական կազմակերպությունների, նախաձեռնությունների ներկայացուցիչներ են, որոնց միավորող պահանջը արդար ընտրությունների անցկացումն է և դիտորդների՝ Հայաստանից հեռանալը:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, բողոքողներին է մոտեցել ՀՀ գիտությունների ակադեմիայի շենքի մոտ հացադուլ իրականացնող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով երթի մասնակիցների հետ միասին սկսել է բանակցել ոստիկանների հետ՝ խնդրելով մարդկանց թույլ տալ հասնել նախագահի նստավայր:
Բանակցություններից հետո ոստիկանները համաձայնել են կատարել բողոքի ակցիայի մասնակիցների պահանջը, սակայն պարտադրել են վերջիններիս անցնել փողոցը և քայլել դիմացի մայթով: Ցուցարարները հասել են Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի մոտ, որտեղ պարզել են իրենց պաստառները, իսկ ոստիկանները շարքով կանգնել են նրանց դիմաց: Ակցիայի մասնակիցները «շնորհակալություն» են հայտնել ոստիկաններին, որոնք տասնյակ անգամ ավելի մեծ ուժերով ապահովում էին անվտանգությունը:
Ապա ցուցարարները իջել են Ազգային ակադեմիայի շենքի մոտ, որտեղ միջազգային դիտորդների հեռանալու պահանջով ստորագրահավաք են սկսել: