Երեկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, դատավոր Ռուբեն Վարդազարյանը մերժել է «Ժողովուրդ» օրեթերթի գույքի վրայից կալանքը հանելու միջնորդությունը:
Օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը, ում գույքի վրա ևս կալանք է դրված, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենք դեռ քննարկում են՝ արդյոք դիմելու են Վերաքննիչ դատարան՝ երեկվա որոշումը բողոքարկելու համար:
«Ի սկզբանե Խաչիկ Խաչատրյանի միջնորդությունը բավարարել էր դատավոր Ռուբեն Ափինյանը, բայց այս միջնորդությունը Ռուբեն Վարդազարյանն էր վերցրել քննության տակ: Դատավորների փոփոխությունը պատճառաբանեցին նրանով, որ, իբր, Ափինյանն արձակուրդի մեջ է: Մնացած դատական պրոցեսները նշանակված են մարտին՝ թե Խաչիկ Խաչատրյանի բողոքը, թե մեր»,- ասել է Սոնա Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից թերթի խմբագրությունը նամակ էր ստացել, ըստ որի Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն Խաչիկ Խաչատրյանը դատի էր տվել «Ժողովուրդ»-ին և լրագրող Սոնա Գրիգորյանին: Խաչատրյանը պնդում է, որ իր պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև գործարար համբավը արատավորվել է օրաթերթի հրապարակումներից մեկով, ինչի համար պահանջում է հերքում և 3 մլն դրամի փոխհատուցում: