Home / Հայաստան / Կնիքները սկսեցին ցնդել. տեղամասերում հիմնականում Սերժ Սարգսյանի վստահված անձինք են

Կնիքները սկսեցին ցնդել. տեղամասերում հիմնականում Սերժ Սարգսյանի վստահված անձինք են

Արարատի մարզի Մրգավան գյուղի թիվ 17/41 ընտրատեղամասից «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդը Epress.am-ին հայտնեց, որ անձնագրից կնիքը ցնդելու դեպք է արձանագրվել: Ընտրողներից մեկը, ով առավոտյան 08:15-ի սահմաններում էր քվեարկել, ժամը 10:00-ի դրությամբ ցույց է տվել անձնագիրը, որում դրված կնիքն արդեն չէր երևում: Հանձնաժողովի նախագահն ասել է դիտորդին, որ խոշորացույցով դիտարկելիս կնիքը երևում է: Նա խոշորացույց է բերել, որի օգնությամբ դիտորդը հնարավորություն է ունեցել տեսնել կնիքի ուրվագծերը, սակայն առանց խոշորացույցի դրանք դժվար է եղել նշմարել:

Բացի դա, քաղաքացիներից ահազանգեր են ստացվում, որ կնիքները հեշտությամբ ջնջվում են թաց անձեռոցիկի միջոցով:

Բացի դա, Մրգավանի նույն ընտրատեղամասում մոտ 2 ժամվա ընթացքում ներկա են եղել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի երկու վստահված անձինք: Այլ թեկնածուները վստահված անձ չեն ունեցել:

Ի դեպ, նշենք, որ Epress.am-ի թղթակիցներն արձանագրել են, որ Երևանի մի քանի ընտրատեղամասերում նույնպես միայն Սերժ Սարգսյանի վստահված անձինք են եղել, մի քանի այլ տեղում՝ Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի վստահված անձինք:

Այդ առնչությամբ մեզ հետ զրույցում «Ժառանգության» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասել է, որ այն տեղամասերում, որտեղ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը չունի վստահված անձ, հանձնաժողովի անդամներից մեկը «Ժառանգություն» կուսակցությունից է: