ՀՀ ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ ցանկացած այլ եղանակով ընտրությանը մասնակցած լինելու փաստը հավաստող կնիքի դրոշմները, ստորագրությունները կամ օրենքով սահմանված այլ գրառումները և նշագրումները վնասելուց, ջնջելուց կամ փչացնելուց
«Համացանցում տեղադրվել են բազմաթիվ տեսանյութեր, որտեղ քիմիական տարբեր նյութերի` ջրածնի պերօքսիդի, սպիրտային խառնուրդներով ներծծված թաց անձեռոցիկների միջոցով ջնջվում են քվեարկությանը մասնակցած լինելու հանգամանքը փաստող՝ ընտրական հանձնաժողովների կողմից քաղաքացիների անձնագրերում դրված կնիքի դրոշմները:
Չցանկանալով անդրադառնալ 21-րդ դարում գիտության նվաճումներին, այդ թվում` քիմիայի բնագավառում տարատեսակ ներկանյութերի և մաքրող նյութերի առկայությանը, ՀՀ ոստիկանությունն անհրաժեշտ է համարում նախազգուշացնել, որ համացանցում տեղադրված հիշյալ միջամտությունների բոլոր դրսևորումները կարող են որակվել որպես ընտրական իրավունքի խախտում, մասնավորապես, ընտրական իրավունքի, ընտրական հանձնաժողովների աշխատանքների իրականացման խոչընդոտում, մեկից ավելի անգամ քվեարկության նախապատրաստություն կամ փորձ, ինչպես և առաջացնել օրենքով սահմանված այլ պատասխանատվություն, ուստի կոչ ենք անում զերծ մնալ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ ցանկացած այլ եղանակով ընտրությանը մասնակցած լինելու փաստը հավաստող կնիքի դրոշմները, ստորագրությունները կամ օրենքով սահմանված այլ գրառումները և նշագրումները վնասելուց, ջնջելուց կամ փչացնելուց», – ասված է Ոստիկանության հաղորդագրության մեջ: