ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով հունվարի 21-ից հացադուլի մեջ է, հետևում է ընտրությունների ընթացքին և գտնում է, որ այն, ինչի մասին ինքն ի սկզբանե հայտարարել է, հաստատվում է:
«Այն, որ քաղաքացիները զրկված են ազատ ընտրելու հնարավորությունից, հաստատվում է այն տեղեկություններով, որ ընտրակաշառք է բաժանվում և հարկադրանք է կիրառվում քաղծառայողների նկատմամբ»,- ասել է Ղուկասյանը:
Նախագահի թեկնածուն չի համարում, որ քարոզարշավի ավարտից հետո իր՝ հրապարակավ հացադուլ իրականացնելն օրենքի խախտում է: Նրա խոսքով՝ հացադուլը քարոզարշավի հետ որևէ կապ չունի:
«Եթե այդպիսի բան լիներ, ԿԸՀ-ն համապատասխան որոշում կընդուներ, ես անում եմ հացադուլ, ունեմ պահանջ, պահանջը բոլորին հայտնի է»,- ասել է Անդրիաս Ղուկասյանը:
Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ իր հացադուլը կդադարեցնի այն ժամանակ, երբ պարզ կլինի, թե ինչ գնահատական են տալիս միջազգային դիտորդները ընտրություններին: