Երեկ երեկոյան Աշտարակի ճանապարհային ոստիկանության պետը հրահանգ է իջեցրել քաղաքի տաքսի ծառայություններին ավտոմեքենաները ուղարկել Ներսես Աշտարակեցու անվան հրապարակ, որտեղ պետք է կայանար ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Տաքսիստներից մեկը ստիպված է եղել գալ հրապարակ Աշտարակի գյուղերից մեկից, որպեսզի չկորցնի աշխատանքը:
«Որ եկաք, ստեղ կանգնեցիք, միտինգը չկայացա՞վ», – վարորդներից մեկին հանդիմանել է հանդիպմանը եկած մի կին: Տաքսիստը հակադարձել է՝ ասելով, որ մարդիկ չեն հասկանում այն, որ իրենք վախենում են գործը կորցնել, այլապես չէին բերի իրենց նոր մեքենաները և վտանգի տակ դնեին:
Աշտարակցի Մեսրոպ Ղանիչյանի խոսքով՝ բոլոր դպրոցների տնօրեններին էլ ասվել է, որ եթե ուսուցիչներից մեկին տեսնեն Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպմանը, ապա կհեռացնեն աշխատանքից: Այնուամենայնիվ, մոտ 25000 բնակչություն ունեցող Աշտարակից հանդիպմանը եկել էին մոտ 3000 մարդ, ինչը, աշտարակցիների խոսքով, աննախադեպ է:
Մինչ Հովհաննիսյանի գալը ժողովրդի հետ խոսել է «Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ ասելով, որ Հովհաննիսյանի հաղթանակը բարու հաղթանակն է, և այդ գործն ավարտին հասցնելու համար «պետք է ցիվիլ պայքար տանել»:
«Մի սպասեք րոպեականության, այլ տևական պայքարի», – ասել է Հակոբյանը:
Քիչ հետո ժամանել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ով նախ մտել է քաղաքապետարան, բարևել քաղաքապետին, ապա եկել է հրապարակ: Մարդիկ Հովհաննիսյանին դիմավորել են «նախագահ» վանկարկելով, սակայն Ռուբեն Հակոբյանը հիշեցրել է, որ իրենց պայքարի հիմնական կարգախոսն է՝ «Հայաստան»:
Րաֆֆի Հովհաննիսյանը բարևել է հավաքված աշտարակցիներին՝ ասելով, որ անկախ նրանից, թե իշխանությունները ինչ կորոշեն՝ ապայակունացնել իրավիճակը, թե՝ ոչ, իր կողմից որևէ հակասահմանադրական քայլ չի արվի, հայ մարդու արյուն չի թափվի:
Հովհաննիսյանն ողջունել է Շիրակի մարզպետի հրաժարական տալը և հորդորել է նույն քայլին դիմել նաև Արագածոտնի մարզպետին և այլոց:
Գնալուց Հովհաննիսյանը խոսատցել է, որ սա վերջին հանդիպումը չէ և որ ինքը վերադառնալու է Աշտարակ: