Home / Տեսանյութեր / Հակամրցակցային դրսևորումները հատվածական են ուսումնասիրել. ՄԻ պաշտպան

Հակամրցակցային դրսևորումները հատվածական են ուսումնասիրել. ՄԻ պաշտպան

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր ներկայացրել է 2012 թվականի մարդու իրավունքների ոլորտին վերաբերող իր զեկույցի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին առնչվող հատվածը:

Օմբուդսմենի կարծիքով՝ քաղաքացիների սոցիալական վիճակի և տնտեսական իրավունքների ոտնհարման հիմնական պատճառը շարունակում է մնալ իրական և լիարժեք տնտեսական մրցակցության բացակայությունը, քանի որ ՏՄՊՊՀ-ն.

– Հիմնականում հատվածական է ուսումնասիրվել հակամրցակցային դրսևորումները: Սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրվել և հանրությանը ներկայացվել են հաճախ միայն ոչ էական և ոչ համակարգային խնդիրներ հարուցող խախտումները:

– Բազմաթիվ գերիշխող դիրք ունեցող խոշոր բիզնեսների հակամրցակցային գործունեությունը չի վերհանվել և չեն ձեռնարկվել իրական և արդյունավետ քայլեր ազատ տնտեսության ձևավորման համար:

– Շարունակել է ցածր մնալ հասարակության կողմից Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ տեղեկացվածության և վստահության մակարդակը, ինչի մասին է վկայում Հանձնաժողովին ներկայացված բողոքների սակավաթվությունը (ընդամենը՝ 28):

Կարեն Անդրեասյանը ոլորտում նաև մի շարք դրական զարգացումներ է արձանագրել.

– Հանձնաժողովը ԵՄ անդամ երկրների գործընկերների հետ նախաձեռնել է տարբեր սեմինար-քննարկումներ ՀՀ «Պետական օժանդակության վերահսկման մասին» օրենքի նախագծերի մշակման ուղղությամբ:

– Հանձնաժողովի կողմից պետական գնումների ոլորտում կատարված ուսումնասիրության արդյունքում 2012 թվականի ընթացքում բացահայտվել են մի շարք տնտեսվարող սուբյեկտների մասնակցությամբ հակամրցակցային համաձայնության դեպքեր:

Հանձնաժողովն իր պաշտոնական վեբ կայքի միջոցով կազմակերպել և իրագործել է առցանց հարցումներ` մի շարք բնագավառներում բարեփոխումներ իրականացնելու նպատակով:

Լուսանկարում՝ ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյան