Գալիք հինգշաբթի լրանում է մեկամսյա ժամկետը, որի ընթացքում ՀՀ Վճռաբեկ դատարանը պետք է որոշում կայացնի ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով:
«Հայկական ժամանակ» օրաթերթը հիշեցնում է, որ 2-ից 6 տարվա ազատազրկման դատապարտված երիտասարդների վճռաբեկ բողոքը, որի հիմքում նրանց արդարացնելու պահանջն է, դատարանը ստացել է փետրվարի 21-ին, և ամենաուշը մարտի 21-ին դատարանը պետք է որոշում կայացնի:
«Ինչ ծրագրեր ունեն իշխանությունները քաղաքական հետապնդման արդյունքում դատապարտված երիտասարդների ճակատագրի հետ կապված հայտնի չէ: Տպավորություն կա, որ դեռ որոշում չունեն, ժամանակ ձգելու համար Վճռաբեկը մեկ անգամ հետ է վերադարձրել բողոքը, պատճառաբանելով, թե դրանում թերություններ կային», – գրում է թերթը: