Լրատվամիջոցների հետ հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ սկսված շարժման մասին խոսելով և Ազատություն հրապարակ չգնալու որոշումը հայտնելով՝ Սերժ Սարգսյանն ընդամենը ուղիղ տեքստով ասում է, որ չգնալու պատճառն այն է, որ բողոքավոր մարդիկ քիչ են, թույլ են, հետևաբար՝ երկրի նախագահը պարտավոր չէ ներկայանալ բնակչության 0.01%-ի հավաքին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հայկ Բալանյանը:
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում Րաֆֆի Հովհաննիսյանի հաջողության՝ այսինքն, հայտարարված նպատակներին հասնելը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հեռացման իրականացմանը, քիչ հավանական է:
«Իսկ զարգացումը կլինի՝ մի կողմից փողոցային ալիքի դանդաղ մարում, մյուս կողմից՝ քաղաքականության տեղափոխում փողոցից կաբինետներ: Սերժ Սարգսյանը վստահ էր, և տատիկին վերհիշելը հանգիստ, ինքնավստահ, մարդկանց մոտ մարդկային, հասարակ երևալու, մտերմություն և ներշնչանք ապահովելու ցանկության արտահայտություն է: Ուղղակի մենք ետ ենք վարժվել նման բառապաշարից, և դա թուլության հետ է ասոցացվում, բայց տվյալ դեպքում կխաբնվեք, եթե կարծեք, որ խոսել է թույլը: Խոսել է ուժեղը: Ուղղակի ինքը դա արեց այնպես, ինչպես գիտեր և ստացվեց»,- ասել է Բալանյանը:
Հիշեցնենք, որ, լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի մասին, Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել էր. «Եթե քո առաջարկությունները չեն ընդունվում, դու պետք է առաջարկություն լսես և ոչ թե ասես՝ եթե Սերժ Սարգսյանը տղամարդ է, նա պետք է հրաժարական տա: Դե, ես էլ կարող եմ այլ ձևակերպումներ հնչեցնել, բայց մենք, ինչպես տատս էր ասում, այդ հարցո՞վ ենք հավաքվել»:
Ըստ Բալանյանի՝ Սարգսյանի ելույթը, այդուհանդերձ, ցույց է տալիս, որ նա գիտի, որ անկախությունը թե պետության մակարդակով, թե քաղաքացիների իրավունքների մակարդակով լիարժեք չէ, որ ՀՀ քաղաքացիներին չի տրվել ազատ անկախ Հայաստանը, և չեն տրվել այն իրավունքները և ազատությունները, որոնց խորհրդանիշը անկախությունն է, և դրա մեղավորներից է նաև ինքը:
«Սերժ Սարգսյանը դեմ է ԼՂՀ անկախության ճանաչմանը: Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը և ճանաչումը: Ի՞նչ տվեց այդ անկախության հռչակումը հասարակ քաղաքացիներին, և այդ անկախության ճանաչումը մեր անվտանգության տեսակետից:
Կարծում եմ, որ այս խնդիրը հենց առանցքայինն է, և մեր իշխանությունների տրամաբանության և նույն հարցազրույցի խորքային բարդույթների բացահայտման մեջ:
Անկախությունը բացարձակ արժեք է, ինչպես ազատությունը՝ մարդու համար: Բայց այդ ազատ մարդուն, ազատությունից բացի, նաև այլ իրավունքներ են անհրաժեշտ՝ աշխատանքի, բարեկեցության, առողջության, կրթության, հանգստի, արդար դատարանի և այլ իրավունքներ, և դրանք խլվեցին, ուստի ոչ հասարական քաղաքացիների, ոչ էլ իշխանության անկախությունը լիարժեք չէ: Ուստի նույն իշխանությունը այս համատարած անազատության մեջ նույնիսկ քայլ չի կարող անել, այնպես է բանտարկել երկիրը, իրեն էլ հետը»,- ասել է Բալանյանը: