ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը չի խաղում և չի խաղալու իշխանությունների կողմից պարտադրված կանոններով, ինչպես նաև չի խաղում «փողոցային ամբոխավարության կողմից պարտադրված կանոններով»: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում ու հիմնավորել իր տեսակետը:
«Առաջինն անընդունելի է, քանի որ թելադրված է անօրեն իշխանության շահերով, իսկ երկրորդը մերժելի է, քանի որ հիմնված է զգացմունքների և ոչ թե մասնագիտական որակների ու բանականության զուգակցման վրա: Մենք Հայաստանի իշխանական համակարգի որակական փոփոխության գործը շարունակելու համար այլ արդյունավետ ուղիներ ենք տեսնում, իսկ այն ինչ կատարվում է այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի անձի հետ կապված` քաղաքական առումով տեղապտույտ է, որը Հայաստանի առաջընթացի նվազագույն հեռանկարն անգամ չի պարունակում: Զգացմունքային առումով գուցե ասածս դժվարամարս լինի շատերի համար` մարդիկ սովորաբար գերադասում են խաբված լինել, բայց լսել իրենց համար հաճելի, սակայն սուտ խոսքեր: Երևի դա է պատճառը, որ զանգվածային մտածողությունն էապես տարբերվում է անհատական մտածողությունից, իսկ զանգվածային հիշողությունն էլ սովորաբար մտապահում է միջինը երկուսից չորս շաբաթվա իրադարձությունները», – գրել է Արման Մելիքյանը:
Ըստ նրա՝ այսօրվա իրավիճակը հանգուցալուծման երեք տարբերակ ունի` «արաբական գարուն» կամ սիրիական սցենար, իշխանության կողմից դժգոհ զանգվածի ուժային բռնաճնշում և, երրորդը, գործարք իշխանության ու Րաֆֆի Հովհաննիսյանի թիմի միջև:
«Իմ կարծիքով՝ այս սցենարներից և ոչ մեկը Հայաստանի քաղաքացուն լավ ապագա չեն խոստանում: Իրական դրական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է հետևողական ու սկզբունքային մասնագիտական աշխատանք, և սա է իմ թիմի նախընտրած տարբերակը»,- գրել է նախկին թեկնածուն: