Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն առաջիկայում ղեկավարելու է Հանրային հեռուստաընկերության տնօրեն Գագիկ Բունիաթյանը, հաղորդում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Առաջիկայում լրանալու է ՀՌԱՀ անդամների պաշտոնավարման ժամկետը, և նոր նշանակումներ են լինելու: Ըստ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի՝ ՀՌԱՀ նախագահն ընտրվում է ՀՌԱՀ անդամների միջից՝ ձայների պարզ մեծամասնությամբ: Ուստի առաջիկայում Բունիաթյանը կնշանակվի ՀՌԱՀ անդամ, այնուհետև կընտրվի նախագահ: Ներկայումս ՀՌԱՀ նախագահն է Գրիգոր Ամալյանը:
Տեղեկության առնչությամբ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին ուղարկած թերթի թղթակցի հարցը մնացել է անպատասխան:
Թերթը երկու օր շարունակ փորձել է մեկնաբանություններ ստանալ նաև անձամբ Բունիաթյանից, սակայն նա կա՛մ չի պատասխանել հեռախոսազանգերին, կա՛մ նրա փոխարեն պատասխանել է օգնականը, ընտանիքի անդամներից որևէ մեկը՝ ասելով, թե Բունիաթյանը զբաղված է: