Երևանի քաղաքապետարանի ավագանու ընտրությունը, ըստ էության, նոր գործ է վերջնական հանգուցալուծմանը չհասած նախագահական ընտրությունների ֆոնին, ուստի նախքան դրանց մասնակցելը՝ տրամաբանական կլիներ լուծում տալ նախագահականից հետո առաջացած խնդրին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԳ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Նրա խոսքով՝ ինքը քաղաքային ընտրությունները համարում է նախորդ խորհրդարանական, նախագահական ընտրությունների շարունակություն՝ երրորդ փուլ:
Պարզաբանելով, թե ինչու կուսակցությունը չի մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին՝ Արզումանյանն ասել է, որ իրենք կնախընտրեին մասնակցել դրանց Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցության հետ, սակայն կողմերի միջև բանակցություններն արդյունք չեն տվել: Երկրորդ պատճառնն այն է, որ «Ազատ դեմոկրատները» չեն ցանկանում փոշիացնել ընդդիմադիր զանգվածի ձայները, քանի որ շատ ընդդիմադիր ուժեր, ի տարբերություն նախագահական ընտրությունների, իմաստ տեսնում են ավագանու ընտրություններին մասնակցելու մեջ:
ԱԳ նախկին նախարարը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին, ասել է, որ ակնհայտորեն և՛ Հովհաննիսյանը, և՛ Սերժ Սարգսյանը կարևորում են բանակցությունները, իսկ թե ինչպես կընթանան դրանք՝ նամակագրությամբ, թե Twitter սոցցանցի միջոցով, էական չէ:
«Լավ կլինի, որ մինչև ապրիլի 9-ը կողմերը մշակեն ճանապարհային քարտեզ հետագա քայլերի համար»,- ասել է Արզումանյանը: Ըստ նրա՝ Հովհաննիսյանը շարժումը կարող է հասնել առնվազն ընդդիմության ինստիտուցիոնալիզացմանը, ընդդիմության դերի ֆիքսմանը:
«Իշխանությունը պետք է գիտակցի, որ չի կարող իմիտացիոն քաղաքականությունը շարունակել ևս 5 տարի, մեր առջև մեծ մարտահրավերներ կան, և դրանց դիմակայելու համար ընդդիմությունը շատ կարևոր դեր է ունենալու», – ասել է Արզումանյանը: