Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել մասնավոր ընկերությունների կողմից ներկրված նոր ավտոբուսների հերթական խմբաքանակը: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր ավտոբուսները Երևան են բերվել քաղաքային իշխանությունների կողմից մայրաքաղաքում իրականացվող հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի շրջանակում` 2012 թվականին հաստատված մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի դրույթներից ելնելով, որոնց հիմքում միկրոավտոբուսների թիվը տարեց տարի կրճատելն ու դրանք միջին տեղատարողությամբ ավտոբուսներով փոխարինելն է:
2012 թվականի սկզբից մինչ օրս Երևան է ներկրվել 350 ավտոբուս, որից 90-ը մասնավոր ընկերությունների կողմից` 2013թ-ի առաջին եռամսյակում:
«Նախ իմ գոհունակությունն եմ հայտնում մասնավոր ընկերություններին` տրանսպորտի ոլորտի բարեփոխումներին աջակցելու և միկրոավտոբուսների փոխարեն նոր ավտոբուսներ ներկրելու համար: Նաև նշեմ, որ մենք շարունակելու ենք մասնավորի հետ բանակցությունները, որպեսզի քաղաքային երթուղիները համալրենք անհրաժեշտ ևս 200-300 ավտոբուսներով` առկա պահանջարկը լիարժեք բավարարելու համար: Իսկ արդեն այս տարեվերջին, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում կշահագործվի շուրջ 760 ավտոբուս»,- նշել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը անդրադարձել է նաև տրանսպորտի սակագնի բարձրացման մասին վերջերս շրջանառվող խոսակցություններին՝ մեկ անգամ ևս վստահեցնելով, որ նման որոշում չի կայացվել ու առաջիկայում չի նախատեսվում.
«Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղևարձի փոփոխության հարց չի քննարկվել և առաջիկայում էլ նման բան չի նախատեսվում: Մեր համաքաղաքացիները կարող են անհոգ լինել, ուղևարձը մնալու է անփոփոխ», – ընդգծել է քաղաքապետը: