Home / Տեսանյութեր / ԱԺ ներխուժած տղամարդուն տեղափոխել են հոգեբուժական կլինիկա

ԱԺ ներխուժած տղամարդուն տեղափոխել են հոգեբուժական կլինիկա

2013 թվականի մարտի 22-ին ՀՀ Ազգային ժողով ապօրինի մուտք գործած Վրեժ Գալստյանը դատարանի որոշմամբ տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական կլինիկա։ Ինչպես հայտնում է «Փաստինֆո» գործակալությանը, նրան կլինիկա տեղափոխելու միջնորդություն դատարան է ներկայացրել դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննող ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչը, քանի որ պարզվել է, որ Վրեժ Գալստյանը 2012թ. մայիսի 14-ից հաշվառված է Մասիսի պոլիկլինիկայի հոգեբուժական կաբինետում` «շիզոֆրենիա պարանոիդ ձև, աֆեկտիվ-զառանցական համախտանիշ» ախտորոշմամբ:

Միաժամանակ մարտի 28-ին քննիչը նշանակել է Վրեժ Գալստյանի վերաբերյալ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի փորձագետներին:

Հատուկ քննչական ծառայության՝ ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն, 2013թ. մարտի 22-ին` ժամը 14:50-ի սահմաններում, խախտելով պետական պահպանության կանոնակարգով սահմանված անցագրային ռեժիմը՝ Գալստյանը, ապօրինի մուտք է գործել հատուկ պահպանվող օբյեկտ հանդիսացող ՀՀ Ազգային ժողովի ցանկապատ տարածք, չի ենթարկվել ապօրինի տեղաշարժը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ պետական պահպանության ծառայության ծառայողների օրինական պահանջներին:

Նախաքննության տվյալներով՝ Վրեժ Գալստյանը ձեռքին եղած դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչներին: Ապօրինի տեղաշարժը կանխելու և վնասազերծելու նպատակով ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատակից Ս.-ն իրեն ամրակցված «ՊՄ» տեսակի ատրճանակից կրակոց է արձակել Վրեժ Գալստյանի գոտկատեղից ներքև՝ ձախ ազդրի վերին երրորդականի շրջանում` պատճառելով միջանցիկ հրազենային մարմնական վնասվածք։

Վրեժ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մարտի 25-ի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում։