Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը չի հրապարակում կոնկրետ իրավախախտումների դեպքեր, այլ ընդհանուր դիտողություններ է անում պետական մարիմներին, քանի որ ՄԻՊ-ն իր կարծիքը ձևավորել է գաղտնի տեղեկատվության հիման վրա: Այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպմանն ասել է Կարեն Անդեասյանը՝ անդրադառնալով իր զեկույցի մասին հնչած քննադատություններին:
Հիշեցնենք, որ որոշ նախարարություններ իրենց դժգոհությունն էին հայտնել առ այն, որ ՄԻՊ-ը ընդհանրական գնահատական է տվել իրենց աշխատանքին՝ հիմնվելով մի քանի դեպքերի վրա: Քննադատություններ էին հնչեցրել նաև իրավապաշտպանները:
«Այն, որ անուններ չենք հրապարակում, չի նշանակում, որ մենք հիմքեր չունենք քննադատելու: Սակայն բոլոր ապացույցների պահանջները պետք է ուղղել իրավապահ մարմիններին: ՄԻՊ-ը և նախարարություններն իրար բռնելու խնդիր չունեն», – ասել է Անդրեասյանը:
Հիշեցնենք, որ օմբուդսմենը քննադատել էր տնտեսության մրցակցություն ապահովման ոլորտում պետական մարիմների աշխատանքը՝ շեշտելով մենաշնորհի գոյությունը:
Epress.am-ը խնդրել է Անդեասյանին տալ մենաշնորհային տնտեսություն ունեցող գործարարների անուններ, սակայն ՄԻՊ-ն ասել է, որ իր գրասենյակում շուտով առանձնացվելու է հաստիք, որը զբաղվելու է տնտեսական մրցակցության հարցերով, և ոչ միայն ընդհանուր խնդիրեր, այլև կոնկրետ գործեր է ուսումնասիրելու:
Անդրեասյանի խոսքով՝ այդ դեպքում ոչ կոնկրետ լինելու անտեղի քննադատության տեղ չի լինի: Օմբուդսմենն ասել է, որ հատուկ ուշադրություն է նաև դարձվելու դատական կոնկրետ գործերին:
Epress.am-ի հարցին՝ արդյոք ՄԻՊ-ն անդրադառնալու է բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների գործերի քննության ընթացքին, մասնավորապես, Արտակ Նազարյանի գործին, Անդրեասյանն ասել է, որ ընթացիք գործերի քննությանը գնահատական տալ ՄԻՊ-ն իրավունք չունի: Բանախոսն ասել է, որ Հայաստանում դատական գործերի քննության ավարտից հետո՝ այսինքն՝ Վճռաբեկ դատարանի որոշումների հրապարակումից հետո՝ ՄԻՊ-ն ապագայում առանձին գործերի մասին կարծիք է հրապարակելու: