Երեկ կայացած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների 464 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև:
Ինչպես հաղորդում է ԿԸՀ պաշտոնական կայքը, տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)՝ 206-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)՝ 144-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)՝ 36 -ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 26-ական,
«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 26-ական,
«Ժառանգություն» կուսակցություն՝ 26-ական:
ԿԸՀ-ն նաև սահմանել է ընտրություններին գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը:
Կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվելու է ժամը 18.00-ից, իսկ հանրային ռադիոյով՝ ժամը 13:30-ից: Համաձայն սահմանված կարգի, տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով, հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի կողմից նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությանը, նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով, հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 30 րոպե անվճար և մինչև 50 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
1) 2013թ. ապրիլի 7-ից մինչև 2013թ. ապրիլի 10-ը ներառյալ (4 օր)՝ օրը 1 րոպե անվճար և մինչև 1 րոպե վճարովի հիմունքներով
2) 2013թ. ապրիլի 11-ից մինչև 2013թ. ապրիլի 30-ը ներառյալ (20 օր)՝ օրը 1 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով
3) 2013թ. մայիսի 1-ից մինչև 2013թ. մայիսի 3-ը ներառյալ (3 օր)՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությանը, նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով՝ հանրային ռադիոն տրամադրում է 50 րոպե անվճար և մինչև 80 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
1) 2013թ. ապրիլի 7-ից մինչև 2013թ. ապրիլի 10-ը ներառյալ(4 օր)՝ օրը 1 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով.
2) 2013թ. ապրիլի 11-ից մինչև 2013թ. ապրիլի 30-ը ներառյալ (20 օր)՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 3 րոպե վճարովի հիմունքներով.
3) 2013թ. մայիսի 1-ից մինչև 2013թ. մայիսի 3-ը ներառյալ (3 օր)՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով։
ԿԸՀ-ն սահմանել է նաև Երևանի ավագանու ընտրություններին գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը: