Մի խումբ գյումրեցիներ քայլերթ են իրականացնելու` Գյումրու Թատերական հրապարակից դեպի Երևանի Ազատության հրապարակ` մասնակցելու ապրիլի 9-ին կայանալիք հաղթահավաքին: Այս մասին ասված է «Ասպարեզ» ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
«Սա բողոքի ակցիա է, որով մեր դժգոհությունն ենք հայտնում 2013 թվի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների զանգվածային կեղծիքների և պաշտոնական արդյունքների դեմ: Մեր նպատակը հստակ է. պայքարելու ենք մինչևարդարության հաղթանակը: Ինչպես ասում են` «Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում»: Քայլերթի ողջ ընթացքում մեզ կուղեկցի «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը», – նշում են քայլերթի նախաձեռնողները:
Բոլոր ցանկացողներին նրանք հրավիրում են միանալ իրենց նախաձեռնությանը: Քայլերթը սկսվելու է ապրիլի 7-ին` առավոտյան ժամը 9.00-ին` Գյումրու Թատերական հրապարակից:
«Գյումրի-Երևան ճանապարհի բոլոր քաղաքների և գյուղերի բնակիչները, ովքեր ցանկություն կունենան մասնակցել քայլերթին, մեզ կարող են միանալ ճանապարհից. միասին կշարունակենք մեր երթը դեպի Երևան:
Այս քայլերթը քաղաքացիական նախաձեռնություն է, որը կատարվում է օրենքի շրջանակներում: Մանրամասների համար կարող եք այցելել «Ժառանգության» Գյումրու գրասենյակ` ժամը 15.00-18.00-ը», – ասված է հաղորդագրության մեջ: