«Արմավիա» ավիաընկերության չվերթների դադարեցումից մեկ օր անց` ապրիլի 2-ին, ռուսաստանյան «Աերոֆլոտ» ընկերությունը Հայաստանում 80 եվրոյով թանկացրել է ինքնաթիռի տոմսերը բոլոր ուղղություններով: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթի թղթակցի հետ զրույցում այդ տեղեկությունը հաստատել են «Աերոֆլոտի» հայկական ներկայացուցչությունից: Հարցին՝ տոմսերի գներն այսպես էլ մնալո՞ւ են, ռուսաստանյան ընկերությունից պատասխանել են. «Աշխատում ենք»:
«ՀԺ»-ի տեղեկություններով՝ նույն օրը ինքնաթիռի տոմսերը 100 հազար դրամով թանկացրել են նաև դեպի Դուբայ թռիչք իրականացնող ընկերությունները:
«Այն, որ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սնանկացումից հետո լուրջ խնդիրներ են առաջանալու, ենթադրվում էր: Ավելին, մասնագետները, մասնավորապես, նախկին «Հայկական ավիաուղիներ» ընկերության նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը ասել էր, որ եթե մենք ազգային փոխադրող չունենանք, որևէ խնդիր առաջանալու դեպքում մի օր արտասահմանյան ընկերությունները կարող են հայտարարել, որ թռիչք չեն իրականացնելու և փաստի առաջ կկանգնեցնեն ողջ ժողովրդին»,- գրել է թերթը: