ՀՀ կրթության և գիտության նախարարությունը վստահեցնում է, որ ապրիլի 9-ին լրացուցիչ միջոցներ չի ձեռնարկելու՝ բնականոն ուսումնական գործընթացն ապահովելու համար:
«Որևէ հավելյալ կարգապահական միջոցառումներ և հրահանգներ գոյություն չունեն, որովհետև ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանվում են կարգապահական հարցերը ուսումնական հաստատություններում, մասնավորապես, «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերը համապատասխանաբար սահմանում են.
«5. Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողը պարտավոր է կատարել բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահության կանոններով սահմանված պարտականությունները:
6. Բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահության կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում սովորողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր՝ ընդհուպ բարձրագույն ուսումնական հաստատությունից հեռացնելը՝ ներքին ակտերով սահմանված դեպքերում և կարգով»:
ԳԿՆ հայտարարության մեջ ասված է, որ ապրիլի 9-ին Հայաստանի բոլոր ուսումնական հաստատություններում ընթանալու է ամենօրյա բնականոն ուսումնական գործընթաց:
Հիշեցնենք, որ վերջին հանրահավաքին ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, որ ապրիլի 9-ին ողջ հանրապետությունում հայտարարվում է գործադուլ և դասադուլ:
Նա կոչ է արել այդ օրը՝ ժ.11.00-ին, լինել Ազատության հրապարակում՝ մասնակցելու նոր Հայաստանի երդմնակալության արարողությանը: