«Եկա, ընտրեցի, կեղծեցին», «Հենց այսօր, վաղը ուշ է», «Համալսարան, ոտքի ել», «Դիպլոմ ես ստանում, որ ի՞նչ անես», «Բուհը բանտ չէ» գրությամբ պաստառներով այսօր՝ վաղ առավոտից դասադուլ հայտարարած ուսանողները հավաքվել էին ԵՊՀ –ի գլխավոր մասնաշենքի մոտ, որտեղից էլ մեկնարկել են իրենց ակցիան:
Նրանք երթով անցել են ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետի մոտով, մի քանի րոպե կանգ առել, այնուհետ շարժվել են դեպի Տնտեսագիտական համալսարան:
Տնտեսագիտականի մուտքի մոտ հավաքված մի խումբ ուսանողներ ակցիայի մասնակից ուսանողներին կոչ են արել հեռանալ ու չխանգարել դասապրոցեսը: Դասադուլավորները շարունակել են իրենց երթը՝ վանկարկելով՝«Սաշիկ, հեռացիր», «Մենք ենք տերը մեր երկրի», «Ապասերժիկացում, օրենքների հաստատում», «Միացում», «Ազատ, անկախ Հայաստան»:
Ակցիայի մասնակիցները մի քանի րոպե կանգ են առել բժշկական համալսարանի մոտ՝ բարձրախոսով հիշեցնելով, որ իրենց պայքարում են ազատ, անկախ պետություն ունենալու համար և ուսանողներին հորդորել են ժամը 11:00-ին գալ Ազատության հրապարակ ու միանալ իրենց:
Դասադուլ հայտարարած ուսանողները նույն կոչերն հնչեցրել են նաև Աբովյան փողոցում գտնվող պետական համալսարանի մասնաշենքի մոտ ու շարժվել դեպի Ճարտարագիտական համալսարան, ապա Ազատության հրապարակ, որտեղ նրանց ծափերով դիմավորեցին Րաֆֆի Հովհաննիսյանի երդման արարողության համար հավաքվածները: