Մինչ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է որոշակի պարզաբանումներ տալ իր հետագա քայլերի և ապրիլի 9-ին տեղի ունեցածի մասին, կոնկրետ ուղղվածություն ունեցող լրատվական կայքեր, քաղաքագետներ, ընդդիմության մի հատվածը և իշխանությունն արդե երկու օր է անխնա քննադատում են Հովհաննիսյանին՝ ապրիլի 9-ի նրա մի շարք քայլերի համար, գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Այնուամենայնիվ, թերթն ընդգծում է, որ թերևս միայն այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից և սպասվող հանրահավաքից հետո հստակ կդառնա ավարտվե՞ց նրա ղեկավարած շարժումը, թե ոչ: Ամեն դեպքում, այս օրերին իշխանությունը զգուշանում է կոնկրետ և կտրուկ քայլեր անելուց:
Թերթը հիշեցնում է, որ ավելի վաղ տեղեկացրել էր, թե իշխանության ներսում չեն բացառում, որ մայիսի 5-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններում կարող են անակնկալներ լինել, այնպես, ինչպես եղան փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում:
«ՀԺ»-ն դրանով է պայմանավորում նաև այն, որ Սերժ Սարգսյանը դեռ չի շտապում նոր կառավարության կազմ ձևավորել և այդ գործը թողել է մայիսի 5-ի ընտրություններից հետո (բացառությամբ վարչապետի նշանակման, քանի որ ՀՀ Սահմանադրությունը թույլ չի տալիս դա անել ավելի ուշ. վարչապետի նշանակման վերջնաժամկետը ապրիլի 19-ն է):
Թերթի իշխանական աղբյուրները վստահեցնում են, որ նոր ֆորսմաժորի դեպքում Սերժ Սարգսյանը Երևանի ավագանիում ՀՀԿ-ի մեծամասնությունը պահպանելու համար հնարավոր է ստիպված լինի ԲՀԿ-ին կրկին կոալիցիա հրավիրել, թեև այս պահին և ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն պաշտոնապես և ոչ պաշտոնապես հերքում են, թե կոալիցիոն գործընկերությունը նրանց միջև կարող է վերականգնվել:
«Մինչ այդ ԲՀԿ-ն փորձելու է իր քարոզարշավը տանել ամենաընդդիմադիր շեշտադրումներով, մյուս ուժերը ևս փորձելով հնարավորինս փոշիացնել ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները: Եվ արդեն երկու օր Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ իրականացվող հարձակումները պայմանավորված են հենց մայիսի 5-ին սպասվող ավագանու ընտրություններով: Մինչ օրս բոլոր հարցումներով առաջատարն է «Բարև Երևան» դաշինքը, ինչը բնականաբար իշխանական ընդդիմադիր ուժերի սրտով չէ»,- նշում է թերթը: