Ապրիլի 9-ին տեղի ունեցածից հետո Հայաստանում քաղաքական իրավիճակը էլ ավելի կրիտիկական է դարձել, կարծում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի ընտրացուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ այժմ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց շահերը և ամեն ինչ անեն՝ իրավիճակը փրկելու համար:
Օսկանյանը վերահաստատել է, որ առաջին քայլը ԲՀԿ-ն տեսնում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության մեջ:
Հարցին, թե ինչու է ԲՀԿ-ն քննադատում է իշխանություններին այդ դեպքում, երբ ԲՀԿ-ի ընտրացուցակի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնող գործիչները մասնակցել են Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը՝ Օսկանյանը պատասխանել է. «Մասնակցությունը և քննադատությունը բացարձակապես իրար հետ կապ չունեն: Կարելի է և մասնակցել, և քննադատել: Այն ընդդիմությունը, որը իշխանության հետ չի կարողանում խոսել, չի կարող արդյունքի հասնել»:
Պատգամավորը նկատել է, որ «ընդդիմություն» տերմինը մի փոքր այլ կերպ է ընկալվում Հայաստանում:
Անդրադառնալով ապրիլի 9-ին ոստիկանության գործողություններին՝ Օսկանյանն ասել է, որ գնահատականեր չի կարող տալ, սակայն պարզ է, որ իրավիճակը այնքան լարված չէր, որքան 2008 թվականին:
Այնուամենայնիվ, նրա խոսքով, իրավապահ մարմինները պետք է զբաղվեն որոշ տեսահոլովակներում բացահայտված իրավախախտումներով՝ նկատի ունենալով այն, որ որոշ բախումներ հարուցել են քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնք ուղարկվել են ոստիկանության կողմից: