Երևանի ամենամեծ խնդիրը բնապահպանությունն է, իսկ դրա վերականգումը հնարավոր է միայն մասսայական ծառատնկություն անելով ու այլևս քաղաքի տարածքում հանքեր շահագործելու արտոնագրեր չտալով:
Այս մասին Երևանի Դալմայի այգիներում հանդիպման ժամանակ հայտարարել է Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակի առաջին համարը զբաղեցնող Վահագն Խաչատրյանը: Հանդիպմանը նաև ներկա են եղել Դալմայի այգիների հողօգտագործողները, ովքեր տարիներ շարունակ պայքարում են իրենց իրավուինքների համար:
Խաչատրյանը նշել է, որ հանդիպումն անցկացվում է Դալմայի այգիներում, որպեսզի հնարավորություն լինի տեսնել, թե ինչ է կատարվում այդ վայրում: ՀԱԿ անդամի խոսքով՝ այգին պետք է թողնել այգի, իսկ այժմ այնտեղ գնում է ծառահատում, շինարարությունը, որի վերջնական նպատակը, Խաչատրյանի կանխատեսմամբ, առանձնատների նոր թաղամաս կառուցել են:
«Ես կարծում եմ, որ առանձին ծառատունկերով հարցը չի լուծվի, Դալման պետք է մնա Դալմա, պետք է զանվածային անտառներ տնկել Երևանի տարբեր մասերում, օդի մաքրության հարցը միայն այդպես կլուծվի», – ասել է Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ այժմ Երևանում գործող 27 հանքերը շատ մեծ թիվ են, և դեռ քննարկվում է այլ հանքաշահագործողների ծրագրեր, մինչդեռ պետք է եղած արտոնագրերի ժամկետը լրանալուց հետո նոր պայմանագրեր չկապել և Երևանում այլևս հանքեր չլինեն:
Դալմայի այգիների միջով ճանապարհի անցկացումը, որը կապելու է Իսակովի պողոտան և Լենինգրադյան փողոցը, ըստ Խաչատրյանի՝ անթույլատրել է, և եթե ճանապարհի խիստ անհրաժեշտություն կար, այն կարող էր անցնել մոտ 20 մետր բարձրություն ունեցող սյուների վրայով:
Բանախոսը նշել է նաև, որ Երևանի ներկայիս իշխանությունները ուշադրությունը սևեռել են փոքր կենտրոնի վրա, իսկ ծայրամասերի շինարարությունը աչքաթող են արել: Խաչատրյանը ցույց է տվել Դալմայի շուրջ գտնվող բնակելիները, որոնք կառուցվել են 1960-ականներին, 25 տարվա շահագործմամբ, և այժմ գտնվում են անբնակելի վիճակում:
«Հյուսիսային պողոտայի փոխարեն պետք է այս շենքերը վերակառուցել»,- ասել է Վահագն Խաչատրյանը: