Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին անհանգստացած է այն կապակցությամբ, որ վերջին շրջանում Հայաստանի քաղաքական ղեկավարության բառապաշարում այնպիսի խոսքեր են հանդիպել, ինչպիսիք են «Աբխազիայի նախագահ», «Աբխազիայի կառավարություն»: Այս մասին Սահակաշվիլին հայտարարել է ապրիլի 16-ի երեկոյան «Ռուստավի 2» հեռուստաընկերության «Դիրքորոշում» հաղորդաշարի եթերում:
«Հայաստանի նախագահի երդման արարողությանն Աբխազիայից բերել էին Բաղրամյան գումարտակը: Ցավոք, ես այդ շրջանում Թուրքիայում էի, և չկարողացա մասնակցել Սերժ Սարգսյանի երդման արարողությանը, բայց համոզված եմ, որ նախագահ Սարգսյանը դրա հետ կապ չունի: Մեր վարչապետը ոչ մեկի հետ այդքան չի հանդիպել, որքան Սերժ Սարգսյանի: Բայց վերջին շրջանում հայաստանյան ղեկավարների բառապաշարում հայտնվել են են «Աբխազիայի նախագահ», «Աբխազիայի կառավարություն» եզրերը, իսկ մեր կառավարությունը, մեր ԱԳ նախարարությունը ոչ մի կերպ դրան չի արձագանքում», – ասել է Սահակաշվիլին:
Սահակաշվիլիի խոսքով՝ ինքը շատ լավ հարաբերություններ է հաստատել Սերժ Սարգսյանի հետ, և այդ հարաբերությունների շնորհիվ Վրաստանի կառավարությանը հաջողվել է չեզոքացնել բազմաթիվ անցանկալի գործընթացներ Ախալքալաքում:
Ավելի վաղ աբխազական «Ապսնիպրես» գործակալությունը հայտարարել է, որ հայաստանյցն կողմի հրավերով Աբխազիայի հայերի միության պատվիրակությունն առաջին անգամ ներկա է եղել Հհ նախագահի երդման արարողությանը:
Երևանում Աբխազիայի հայերը հանդիպումներ են ունեցել Կրթության և Սփյուռքի նախարարություններում, քննարկվել են տարատեսակ հարցեր, այդ թվում՝ Աբխազիայի դպրոցների հայ շրջանավարտների՝ հայաստանյան բուհերում սովորելու հնարավորությունը:
Պաշտոնական Թբիլիսին Սարգսյանի եդրման արարողությանը մասնակցելու համար ուղարկել էր վերաինտեգրման նախարար Պաատա Զաքարեիշվիլիին:
Արդեն ապրիլի 12-ին պաշտոնական այցով Երևան էր ժամանել Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի արատքին գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ հայկական կողմը պահպանում է չեզոք դիրքորոշում աբխազական ու հարավօսեթական հակամարտությունների կարգավորման հարցում` վրացական կողմից նույնպես ակնկալելով հավասարակշռված, օբյեկտիվ և չեզոք դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ:
ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ կողմերը փաստել են, որ «երկու երկրների միջև չլուծվող խնդիրներ չկան»: