Այսօր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ավագանու անդամները հանդիպել են Նորք Մարաշ համայնքի բնակիչների հետ, նրանց ավելի լավ Երևանի խոստում տվել:
«Մենք միասին պետք է ստեղծենք ավելի լավ Երևան: Այս խոսքերը լոկ խոսքեր չեն: Մենք ունենք ծրագիր, և եթե դուք մեզ ձայն տաք, այն կյանքի կկոչենք: Ես ձեզանից մեկն եմ: Ես միշտ ձեր կողքին եմ եղել», – հանդիպման ժամանակ հնչեցրած իր ելույթում ասել է Տարոն Մարգարյանը` կրկնելով, որ «այս խոսքերը լոկ խոսքեր չեն»:
Հանդիպմանը ներկա էին համայնքի դպրոցների աշակերտները և նրանց ծնողները, մանկավարժները, մանկապարտեզների և հիվանդանոցների աշխատակիցները: Մի քանի բնակիչներ Epress.am-ի հետ զրույցում ասել են, որ երեխաներին դպրոցում խնդրել են հանդիպմանը անպայման գալ՝ ծնողների ուղեկցությամբ:
Երևանի ավագանու անդամ Ռուզաննա Սիրունյանը ներկաներին ասել է, որ Մարգարյանը շատ բարեփոխումներ է իրականացրել Երևանում: Նա խորհուրդ է տվել հիշել 90-ականները, երբ երևանցիները ծառերը կտրում էին, վառում էին փայտանյութը վառարաններում, երբ մանկապարտեզներում լույս չկար, մարդիկ մոմ էին վառում:
Սիրունյանի խոսքով՝ հատկապես վերջին 4 տարիների ընթացքում Երևանում մանկապարտեզները վերանորոգվում են, իսկ այգիներում պարբերաբար ծառատունկ է իրականացվում:
Հանդիպմանը ներկա ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Տարոն Մարգարյանը շատ մեծ ուշադրություն է դարձնում հենց Նորքի խնդիրների լուծմանը:
Քանի որ հանդիպումը անցնում էր օրերս կառուցված ֆուտբոլի դաշտում, որի շուրջ ասֆալտապատ տարածքը դեռ թաց էր, լրագրողները հարցրել են Նուշիկյանին՝ արդյոք զուգադիպություն չէ՞, որ կառուցապատումներն իրականացվում են նախընտրական շրջանում:
«Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ շինարարական աշխատանքները, ասֆալտապատումը կատարվում են նախընտրական շրջանում: Նաև մի մոռացեք, որ դաշտերը չեն կարող ստեղծվել ձմռանը: Ընտրությունները հիմնականում գարնանն են անցկացվում, կանաչապատման ու ասֆալտապատման աշխատանքները ևս», – ասել է Գարեգին Նուշիկյանը:
Լրագրողներից մեկը կարծիք է հայտնել, թե Տարոն Մարգարյանի օրոք զարգացրել են միայն փոքր կենտրոնը, իսկ ծայրամասերը համեմատաբար դուրս են մնացել ուշադրությունից:
Նուշիկյանը ասել է, որ դրա մեջ զարմանալու բան չկա, և բոլոր երկներում էլ մայրաքաղաքի կենտրոնն է ամենազարգացած ու գեղեցիկ մասը: