Հայաստանում զբոսաշրջությունը չի զարգանում նախ ավիատոմսերի գների բարձ լինելու պատճառով: Այս մասին Ճամփորդության և զբոսաշրջության հարցերով զբաղվող իրավաբանների միջազգային ֆորումի եվրոպական համաժողովի (IFTTA) շրջանակներում այսօր հրավիրած հանդիպմանն ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
«Երբ տուրիստը, օրինակ, Վիեննայի օդանավակայանում ստիպված է 15 ժամ սպասել իր չվերթին, այդ պարագայում չի գա այստեղ: Եթե ԱՄՆ-ից ես գալիս և երկու գիշեր պետք է օդանավում անցկացնես, չես գա Հայաստան: Այո, գները բարձր են, ծառայությունները հիանալի չեն: Ես միանգամայն այն կարծիքին եմ, որ քաղավիացիայի ոլորտում անհրաժեշտ են դրական տեղաշարժեր»,- ասել է Հեֆերնը:
Քննարկմանը մասնակցում էր նաև էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, ով, պատասխանելով դեսպանին, ասել է, որ անհրաժեշտ է տուրիստական ծառայությունների գները դիտարկել փաթեթով, իսկ այդ դեպքում պարզ է դառնում, որ Հայաստանի գներն ավելի էժան են, քան հարևան Վրաստանում՝ նույն ծառայությունների դիմաց: Իսկ թե ինչու են այդ դեպքում հայաստանցիները նախընտրում հանգիստանալ Վրաստանում՝ փոխնապարարը բացատրել է, որ ծովն այլ տուրիստական ապրանք է և չի կարող համեմատվել Սևանի հետ:
Հարցին, թե արյոք ավիատոմսերը դեպի Հայաստան էլ ավելի կթանկանան՝ կապված «Արմավիայի» գործունեության դադարեցման հետ՝ փոխնախարարը պատասխանել է, թե նման բան չի լինի, քանի որ այլ ավիաընկերութուններն ավելացրել են դեպի Հայաստան չվերթները: