«Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը հանդես է եկել Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանին սատարելու հայտարարությամբ, որից հետո իրեն հետևելու առաջարկով դիմել է «Լիտվայի հայերի միությանը»: Վերջինս, սակայն, ապրիլի 22-ին կայացած նիստին որոշել է մերժել Աբրահամյանի առաջարկը:
Ինչպես հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից, Միությունը, թեև Տարոն Մարգարյանի անձի դեմ ոչինչ չունի և հարգում է նրա հոր՝ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը, սակայն անբարոյական է համարում Հայաստանում որևէ պաշտոնի հավակնող թեկնածուին սատարելը:
«Առաջին հերթին, դա կարելի է որակել որպես միջամտություն երկրի ներքին գործերին, առավել ևս, որ Լիտվայում, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում բնակվող Հայաստանի քաղաքացիները, բացի դիվանագետներից, համապետական ընտրություններին մասնակցելու իրավունք չունեն: Մենք չենք ցանկանում խիստ դատապարտել «Ռուսաստանի հայերի միության» որոշումները և հատկապես Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահին, սակայն նման հայտարարությունները անընդունելի ենք համարում», – ասված է «Լիտվայի հայերի միության» հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության հեղինակները նշում են նաև, որ Երևանի և ընդհանրապես ողջ Հայաստանի բնակչությունը պետք է ինքը որոշի՝ ում տալ ձայնը, և եթե մարդիկ բողոքում են, ուրեմն դրա համար հիմքեր ունեն, իսկ արտասահմանում գործող հայկական կազմակերպությունները այդ գործընթացին միջամտելու իրավունք չունեն: