Հայաստանի և Մաքսային միության ու Միասնական տնտեսական գոտու միջև համագործակցության հնարավորության հարցում առաջընթաց կա: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հանդիպումից հետո:
«Մենք ընդգծել ենք առաջընթացը Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների իրագործման հարցում՝ կապված Հայաստանի ու երկու կառույցների համագործակցության հետ: Մենք դրական ենք գնահատում այդ նպատակով ստեղծված ռուս-հայաստանյան համատեղ հանձնաժողովի աշխատանքները», – Լավրովի խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին՝ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան հակամարտության լուծման հարցում առաջընթաց չի տեսնում:
«Առաջխաղացում առայժմ չկա», – ասել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը:
ՀՀ արտգործնախարարը համաձայնել է Լավրովի հետ՝ ավելացնելով, որ ինքը չէր ասի, թե իրավիճակը փակուղի է մտել:
«Մոտ ժամանակներս արտաքին գործերի նախարարների նոր հանդիպում է նախապատրաստվում, այն տեղի կունենա մայիսին՝ արդեն մի քանի օրից Կրակովում: Չի բացառվում նաև բարձրագույն մակարդակով հանդիպում», – հայտարարել է Նալբանդյանը:
Նա հավելել է, որ գործընթացն առաջ չի գնում որովհետև կողմերից մեկը ոչ կառուցողական դիրքորոշում է զբաղեցնում և գործնականում չի ընդունում համանախագահների կողմից արվող առաջարկները: