Home / Հայաստան / «Նորությո՞ւն է, որ Գյումրիում կրակոցներ կան». Գասպարյանը՝ սպանության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Նորությո՞ւն է, որ Գյումրիում կրակոցներ կան». Գասպարյանը՝ սպանության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կլանների ժամանակն անցավ, եկել է խաղաղության ժամանակը, եկել է այն ժամանակը, որ արյունով և զոռբայությամբ ոչինչ չի լուծվի: Եվ չենք հանդուրժելու, ոստիկանությունը այլևս չի հանդուրժելու»,- երեկ Գյումրի կատարած այցելության ժամանակ հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով ապրիլի 23-ի Գյումրիի կրակոցներին, հայտնում է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության կայքը:

«Էստեղ Գյումրիում ունենք երկու, չեմ վախենում օգտագործել, կլան, որոնք, չգիտեմ ինչու, շատ երկար տարիներ արյունահեղություններով, զոռբայություններով, ջարդուփշուր անելով՝ իրենցն են թելադրել, բայց չի լինի, այլևս ավարտվեց այդ դարաշրջանը: Զոռբայություն Հայաստանում չի լինելու: Բոլոր նրանք, ովքեր փորձելու են զենքով, զոռբայությամբ, անօրինականությամբ ինքնահաստատվել, կհայտնվեն այնտեղ, որտեղ գնում են մարդիկ, որ զենքով և արյունով են լուծում խնդիրները», – ասել է ՀՀ ոստիկանապետը:

Գասպարյանը ևս մեկ անգամ անդրադարձել է այն մեկնաբանությանը, թե ինչու է ասել, որ գյումրեցիք գողական մտածելակերպ ունեն. «Էլի անդրադառնամ էդ գողական մտածելակերպին: Այս դեպքի հիմքում ընկած է մետաղաձողով գլխին հարվածելը: Մարդը գալիս հայտարարություն է տալիս՝ սառույցն ընկել է իմ գլխին: Մարդիկ չեն խոսում: Ոստիկանությունն էլ նախկինը չէ: Կարող են խոսել, եթե հին մեթոդներով լինի: Բայց էդ ժամանակ էլ պիտի ասեն՝ տարան ծեծեցին: Ես դեմ եմ ծեծին, որովհետև այդտեղ դու ավելի ցածրանում ես, քան թե հանցագործություն կատարողը, որովհետև դու ցույց ես տալիս, որ դու պրոֆեսիոնալ չես, այլ մսագործ ես»:

Գասպարյանն ասել է, որ հասնելու է նրան, որ Գյումրիում բոլորը հանգիստ շնչեն և փոխվի բարոյահոգեբանական մթնոլորտը. «Կամ էս երկու կլանները խելքները գլուխները կհավաքեն, կապրեն հասարակությանը համահունչ, կամ չեն ապրի հասարակության մեջ. կապրեն այնտեղ, որտեղ պետք է հայտնվեն: Սա վերջնական է: Եվ կա բոլոր հնարավորություններն ու վճռականությունը»:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ինչպես է գնահատում ոստիկանների աշխատանքը, երբ կրակոցները հնչել են Ոստիկանության Գյումրու բաժնից քիչ հեռու, և ոստիկանները հասել են միայն սպանությունից հետո, Գասպարյանը պատասխանել է.

«Նման որոշում կայացնող մարդիկ երկու ձևով են անում՝ կամ կանխամտածված, պլանավորված ձևով են անում, կամ հետապնդում և հարմար առիթ են գտնում: Ես կարծում եմ՝ այս դեպքը այն է, որ հետապնդել և հարմար առիթ է գտնվել: Էս դեպքում՝ 500 մետր, 400 մետր, կապ չունի: Ոստիկանության շենքը չի գնում դեպի վայր, ոստիկանության շենքը չի գնում հանցագործության բացահայտմամբ, այլ՝ ոստիկանները: Ձեր համար նորությո՞ւն է, որ Գյումրիում կրակոցներ կան: Ցավոք սրտի՝ ոչ: Ես զարմացած եմ, թվում է, թե էդ զոռբայության ժամանակը պետք է անցած լիներ: Բայց պարզվում է՝ մարդիկ շատ պինդ բռնվում են իրենց անցյալից, որ կարող են ոչինչ չանել և ուրիշին զենքով թելադրելով՝ իրենց կեցությունը ապահովեն: Չի՛ լինի այդպես, չի՛ լինի: Մենք ապահով երկիր ենք սարքելու: Ներքին ապահովության պատասխանատուն այս երկրի ես եմ և չեմ հանդուրժի»:

Գալով այն հարցին, թե հնարավո՞ր է կրակոցները շարունակություն ունենան, ՀՀ ոստիկանապետը ասել է.

«Ես համոզմունք ունեմ, որ նման դեպքերը շարունակություն են ունենում, երբ մենք չենք կանխում ի սկզբանե և չենք աշխատում: Նման պրակտիկան էլ չի աշխատելու: Բոլոր նրանք, ովքեր, էսպես ասած, թիմ են կազմում այս կամ այն կլանի, նրանք բոլորը մեր կողմից լինելու են հսկողության տակ: Ես գիտեմ, որ նրանց մեջ կան թմրանյութեր օգտագործողներ: Դրանց բոլորին հավաքելու և ստուգելու ենք… Ես խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց հաշտվել, որ նրանց օրերը հաշված է: Ովքեր կասկածանքով են մտածում, կապրենք՝ կտեսնենք: Իսկ նրանց՝ այն երևույթներին, որ նույն ձևով են շարունակելու, խորհուրդ եմ տալիս, թե արտագաղթը նրանց համար կլինի, և այդ արտագաղթը ես կկազմակերպեմ նրանց համար»:

Տեսանյութը՝ ԳԱԼԱ-ի