Հայաստանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ ճամփորդող քաղաքացիների մասին պատմող «Ավտոբուս» ֆիլմը ցուցադրվելու է «Աշխատավորների մասին» ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնին, որն անցկացվելու է Թուրքիայում մայիսի 1-ից 7-ը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ֆիլմի հեղինակ, թուրքահայ լրագրող Արիս Նալչին:
«Ավտոբուսը» ներկայացնում է Հայաստանի և Թուրքիայի միջև փակ սահմանի պատճառով 36 ժամ տևող ճանապարհի ուղևորների պատմությունները:
«44 ուղևորներ, 36 ժամ, մեկ մեծ ընտանիք… Թուրքիա և Հայաստան… Երկու փակ երկրներ: Երկու հեռու հարևաններ: Ողջ պատմության ընթացքում այս երկու ազգերը կիսել են միևնույն հողը: Այսօր այս երկու ազգերը, կողք կողքի ապրելով, արհամարհում են միմյանց: Այս փաստագրական ֆիլմը փորձ է նկարագրել ավտոբուսների այն ուղևորների և վարորդների պատմությունները, որոնք Երևան են մեկնում ամեն շաբաթ», – ֆիլմի մասին պատմել է Արիս Նալչին:
Նա ներկայացրել է նաև «Ավտոբուսի» հերոսների պատմությունը. «Հայաստանցի բուժքույր Անահիտը և իրանցի բանվոր Հալիլը հանդիպել են երկու տարի առաջ Թուրքիայում: Անահիտը Թուրքիա է մեկնել աշխատանք փնտրելու նպատակով, և արդեն 6 տարի է` աշխատում է որպես բուժքույր, որպեսզի իր երեխաները կարողանան սովորել Հայաստանում: Նա խնամում է տարեց մարդկանց` ողջ գիշեր հոգ տանելով նրանց մասին: Որպես էժան աշխատուժ նա անում է այն գործը, որից ուրիշները հրաժարվում են, սակայն չի բողոքում: Այժմ նրա դուրստրը երեխայի է սպասում, և տիկին Անահիտը գալիս էր Հայաստան` իր թոռնիկին տեսնելու համար:
Հալիլի պատմությունը բոլորովին այլ է: Նա քրիստոնյա իրանցի է: Առաջինն էր, ով բարձրացավ ավտոբուս: Նա զբաղեցրեց 19-րդ նստատեղը, և կողքով անցնող յուրաքանչյուր ուղևոր ուշադիր նայում էր, թե ինչ է տղամարդը կարդում: Թվաց, թե նա Ղուրան է կարդում: Հետո պարզվեց, որ դա Ավետարան էր` պարսկերենով:
Հալիլը ցանկանում էր պատմել մեզ իր պատմությունը, բայց վախենում էր: Իրանում քրիստոնյա լինելու պատճառով Հալիլը փախել է Ահմադինեժադի ռեժիմից:
Իրանում քրիստոնյա լինել կարելի է միայն մի ազգային փոքրամասնությանը` հայերին: Եթե դու պարսիկ ես, և ոչ մահմեդական, քո հետ շատ ավելի վատ են վարվում, քան այլ փոքրամասնությունների: Իրանական ռեժիմից փախչելիս` Հալիլը այնտեղ է թողել իր երեխաներին: Նրանք մահմեդական են դարձել, բայց Հալիլը չի կարողանում փոխել հավատքը: Ողջ ճամփորդության ընթացքում նա չէր դադարում Ավետարան կարդալ»:
Վավերագրական ֆիլմում ևս մի քանի մարդկանց պատմություններ են ներկայացված: Հիմնականում մարդիկ ստիպված են ավտոբուսով երկարատև և հոգնեցուցիչ ուղևորություն կատարել, քանի որ չեն կարող իրենց թույլ տալ ինքնաթիռի տոմսի գումար վճարել: Բաց սահմանների դեպքում այդ ճանապարհը կկրճատվեր մոտ 2,5 անգամ:
Նշենք, որ ֆիլմը պատրաստվել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Կոնսորցիումի կողմից: Կոնսորցիումի կազմում ընդգրկված են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը և Երևանի մամուլի ակումբը: