«Ժառանագություն» կուսակցության նախագահ, «Նոր Հայաստան» շարժման հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն այս շաբաթ ներկա կգտնվի «Բարև Երևան» դաշինքի հավաքներին, որոնք կազմակերպվելու են մայիսի 5-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ դաշինքի առաջին համարն է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հովհաննիսյանը նշել է, որ հավատում է «Բարև Երևան»-ի հաղթանակին՝ կրկնելով ավելի վաղ հնչեցրած իր միտքը, որ դաշինքը միակ վերկուսակցական քաղաքական ուժն է, որ մասնակցում է ընտրություններին, և դաշինքի կազմում քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ են ընդրկված:
Կարևորելով Երևանի ավագանու ընտրությունները՝ Հովհաննիսյանը նշել է, որ պայքարն ավելի լայն ճակատով է ընթանում, քան մեկ մարդու կամ մեկ կուսակցության: Անդրադառնալով իր՝ ապրիլի 9-ի գործողություններին՝ նա ասել է, որ նրանք, ովքեր արյուն էին ուզում այդ օրը տեսնել, չստացան այդ վիճակը:
«Մի օրով, մի փամփուշտով որևէ բան չի փոխվի, բայց 5 տարի էլ սպասել չի լինի», – հայտարարել է Հովհաննիսյանը:
Նա նաև ընդունել է, որ ապրիլի 9-ին ամեն ինչ չէ, որ իր կողմից լավ է կազմակերպված եղել, սակայն խորհուրդ է տվել քննադատներից յուրաքանչյուրին իր արածի մասին խոսել: