iLur.am-ի լրագրող Հակոբ Կարապետյանը դիմել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով իր դեմ կատարված հարձակման փաստով գործի վարույթը տեղափոխել Հատուկ քննչական ծառայության վարույթ: Լրագրողը իր նամակում նշում է, որ ոստիկանությունը հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասով, որը վերաբերում է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն, այսինքն՝ քննությունից բաց է թողնվել իրեն մարմանակն վնասվածքներ հասցնելու փաստը:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Երևանի Նոր-Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում Կարապետյանի մասնագիտական պարտականությունները խոչընդոտել էին և մարմնական վնասվածքներ էին հասցրել Երևանի ավագանու անդամ Աշոտ Պապայանի գլխավորությամբ մի խումբ մարդիկ:
Լրագրողը իր խնդրանքը հիմնավորում է նաև այն դիտարկմամբ, որ իրեն մարմնական վնասվածք հասցրած Աշոտ Պապայանը տարիներ շարունակ բարձր պաշտոններ է զբաղեցրել Նոր-Նորք վարչական շրջանում և կարող է ազդեցություն ունենալ քննության անաչառության վրա:
«Իմ խորին համոզմամբ, իմ դեմ կատարված հարձակման գործով քննությունը պետք է տարվի 164-րդ հոդվածի երրորդ մասի հատկանիշներով, այն է` լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով նրա մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը:
Թեև դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը գործին դեռ չի կցվել, բայց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը օրերս հայտարարել է, որ «լրագրողին չէին ծեծել, այլ ձեռքից վերցրել էին տեսախցիկը, մաքրել և հետ էին վերադարձրել»: Պնդում եմ, որ դեպքի ժամանակ ինձ մի քանի անգամ հարվածել են: Հարվածներից մեկի արդյունքում վնասվածք եմ ստացել վերին շրթունքիս աջ հատվածում, որը նկատելի է նաեւ այժմ: Պատրաստ եմ կրկնակի փորձաքննության ներկայանալ:
Բացի դրանից, կարծում եմ, որ այս դեպքում առկա է Քր.օր. 308 հոդվածի առաջին մասում նկարագրված` պաշտոնատար անձի (ոստիկանության մայորի) կողմից ծառայողական պարտականությունները չկատարելու փաստը, ինչը էական վնաս է հասցրել իմ եւ ինձ լիազորած լրատվամիջոցի շահերին: Նշված քարոզչական հանդիպումը պաշտոնապես իրազեկված զանգվածային միջոցառում էր, և ոստիկանության պարտքն էր պատշաճ կերպով հասարակական կարգը պահպանել, ինչը, փաստորեն, չի արվել», – գրել է լրագրողը:
Լուսանկարը՝ Աշոտ Կարապետյանի Facebook-ի էջից