Եթե Երևանի ավագանու ընտրություններն արդար լինեն, ապա առաջին տեղում լինելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Այսօր ԱԺ-ում նման հայտարարություն է արել ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Լրագրողները հարցրել են բանախոսին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, թե ԲՀԿ-ն ընտրակաշառ է սկսել բաժանել, իսկ երեկ կայացած հանրահավաքին մարդկանց ստիբողաբար են բերել Ազատության հրապարակ, ընդ որում՝ ոչ Երևանից, այլ մարզերից, մասնավորապես, Աբովյան քաղաքից: Նշենք, որ մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ ԲՀԿ-ն հանրահավքին եկածներին նաև գումար է բաժանել:
Ի պատասխան՝ Զոհրաբյանն ասել է, որ այդ լուրերը ապատեղեկատվություն են, սակայն սպասելի էին ԲՀԿ-ի համար:
«Մենք գիտեինք, թե քարոզչության որ շաբաթում ինչ ապատեղեկատվություն էին տարածում», – ասել է Զոհրաբյանը: Պատգամավորը պատմել է, որ իրեն երեկ մոտեցել է մի գյումրեցի կին և երբ ինքը հարցրել է, թե գյումրեցին ինչ գործ ունի երևանյան ընտրությունների հանրահավաքին, կինը պատասխանել է, որ եկել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին լսելու:
Անդրադառնալով քաղաքային ընտրություններում ընդդիմադիր ուժերի համագործակցության հավանականությանը՝ Զոհրաբյանն ասել է, որ իրենք շատ լավ համագործակցում են ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի հետ, սակայն ինքն անձամբ վերապահումներ ունի «Ժառանության» հետ կապված և կասկածում է, որ այդ կուսակցությունը կմիանա ընդդիադիր դաշինքին ավագանու ներսում և մի կողմ կդնի իր ամբիցիաները:
Լրագրողները նաև հարցրել են, թե ինչու է ԲՀԿ-ն քաղաքային իշխանություններից այդքան դժգոհ, եթե իրենք ունեին ավագանում 17 անդամ:
«Ինչ-որ հնարավոր է եղել 17 անդամներով անել, ԲՀԿ-ական ավագանիները արել են: Բայց մենք պատահական չենք ասում, որ լրջագույն խնդիր է մեկ քաղաքական ուժի մենաշնորհը: Եթե կա մեկ քաղաքական ուժի մենաշնորհ, ապա այն ուժերը, որոնք անգամ իրենց գործընկերների հետ չունեն մեծամասնություն, ինչպես ԱԺ-ում, չեն կարող 100% լուծում տալ», – ասել է Նաիրա Զոհրաբյան: