Մայիսի 16-ին Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 123-րդ նիստում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ստանձնեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը:
Իր ելույթում Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի՝ Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց հետո առաջին անգամ Նախարարների կոմիտեի նախագահության ստանձնումը լավ հնարավորություն, մարտահրավեր և մեծ պատասխանատվություն է:
«Հնարավորություն, որովհետև Հայաստանը լինելու է առաջատար դիրքերում՝ առաջնորդելու ԵԽ անդամ երկրների ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական Եվրոպայի զարգացմանը: Մարտահրավեր, որովհետև եվրոպական մայրցամաքը այսօր բախվում է բազմաթիվ խնդիրների, որոնք կարող են դժվարություններ ստեղծել մեր հիմնարար արժեքների պաշտպանության գործում։
Մեծ պատասխանատվություն, որովհետև ԵԽ հաջողությունը կախված է ոչ միայն կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկրի ներդրած ջանքերից, այլ նաև այդ ջանքերի ճիշտ առաջնորդությունից։
Հայաստանը, որի եվրոպական ինքնության արմատները սերում են ընդհանուր արժեքներից, գաղափարներից և ժառանգությունից, վստահորեն ստանձնում է այս պատասխանատվությունը», -ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
Համաձայն Նալբանդյանի, Հայաստանի նախագահության գերակայությունները սահմանվել են նկատի ունենալով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հարցերին, որոնք առավել էական են և պահանջում են անհապաղ արձագանք:
«Շարունակելու ենք աջակցել Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված՝ Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար:
Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմանը:
Անհանդուրժողականությունը և այլատյացությունը ոտնահարում են մարդկային արժանապատվությունը և վտանգում են մեր հասարակությունների ներդաշնակությունը: Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու ատելության ու անհանդուրժողականության դեմ տարվող պայքարը, ռասիստական և այլատյացության հռետորաբանության՝ որպես քաղաքական քարոզչության գործիք օգտագործելու անթույլատրելիությունը, քանի որ դա պղծում է մարդկանց հոգիները, հասարակության մոտ թշնամու կերպար ստեղծում և անվստահություն սերմանում, ինչպես նաև բերում է ատելության հողի վրա հանցագործությունների խրախուսմանը: Հայաստանի նախագահությունը կնպաստի այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ կազմակերպելով բարձր մակարդակի համաժողով՝ նվիրված Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարին:
Հայաստանի նախագահությունը իր աջակցությունն է բերելու «Ոչ ատելության խոսքին» շարժմանը, կարևորելով առցանց երիտասարդական արշավը ուղղված ատելության հռետորաբանության դեմ պայքարին:
Միջմշակութային երկխոսության խթանումը արդյունավետ գործիք է եվրոպական հասարակություններում ավելի լավ փոխըմբռնման համար: Բազմազանությունը Եվրոպայի ուժն ու հարստությունն է, և մենք պետք է ջանք չխնայենք՝ պահպանելու մեր ընդհանուր առանձնահատուկ մշակութային ժառանգությունը: Հայկական նախագահությունը կընդունի 2013թ.-ի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության նախաձեռնությունը:
Մարդու իրավունքների և օրենքի գերակայության չափանիշների սահմանումը այս կազմակերպության գերակա ոլորտն է: Մենք պետք է ավելի ամրապնդենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համընդհանուր կիրառումը: Սա անհրաժեշտ նախապայման է Եվրոպայում բնակվող բոլորի իրավունքների և ազատությունների պաշտպանության համար», – իր ծրագրային ելությում հայտարարել է Նալբանդյանը:
Այլ առաջնահերթությունների թվում ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է նաև կրթության ոլորտը, որը, ըստ Նալբանդյանի, նույնպես կլինի Հայաստանի նախագահության ուշադրության կենտրոնում։
«Նախագահության ընթացքում մենք սերտորեն կաշխատենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսի հետ: Հաջորդ վեց ամիսների ընթացքում նշված կառույցների երկու խոշոր միջոցառում է ծրագրված անցկացնել Երևանում:
Մենք կապահովվենք հաջորդական նախագահությունների շարունակականությունը սերտորեն համագործակցելով նախորդ՝ Անդորրայի և հաջորդ՝ Ավստրիայի նախագահությունների հետ։
Հայաստանը բարի կամքով կհամագործակցի բոլոր անդամ պետությունների հետ, որոնք կամենում են ներգրավվել Եվրոպայի խորհրդի իրավասության ներքո գտնվող հարցերի վերաբերյալ կառուցողական երկխոսության մեջ և որոնք ցանկանում են ներդրում ունենալ այս կազմակերպության նպատակների իրագործմանը», – իր ելույթը եզրափակել է Էդվարդ Նալբանդյանը: