Home / Հայաստան / Ձերբակալված ադրբեջանցի բլոգերը փորձել է ինքնասպան լինել

Ձերբակալված ադրբեջանցի բլոգերը փորձել է ինքնասպան լինել

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում պահվող Facebook սոցիալական ցանցի ակտիվ օգտատեր, բլոգեր Ռաշադ Ռամազանովը խոշտանգումների է ենթարկվել: Այս մասին Turan գործակալությանը հայտնել է Ռամազանովի փաստաբան Ռովշան Շիրալիևը:

Մայիսի 18-ին փաստաբանը կարողացել է հանդիպել պաշտպանյալի հետ:

«Ես նրա մարմինը չկարողացա տեսնել: Սակայն գլխի և ձեռքերի վրա վնասվածքներ ու կապտուկներ էին: Խոշտանգումները, հոգեբանական և ֆիզիկական ճնշումներն այնքան ուժեղ են եղել, որ Ռաշադ Ռամազանովը փորձել է ինքնասպան լինել», – ասել է փաստաբանը:

Նրա խոսքով՝ Ռամազանովին խոստացել են բանտախուց տեղափոխել, սակայն հստակ տեղեկատվություն այդ մասին չկա:

Ռամազանովին մեղադրում են մեծ քանակությամբ թմրանյութեր պահելու և տարածելու մեջ: Մայիսի 10-ին Նարիմանովի շրջանի դատարանը նրան 3 ամսվա նախնական կալանավորման է դատապարտել:

Բլոգերին ձերբակալել են մայիսի 9-ին: Ոստիկանության պնդմամբ նրա մոտ 9 գրամ հերոին են գտել: Ռամազանովը հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ թմրանյութը ոստիկաններն են գցել գրպանը:

Բլոգերը հայտնի է որպես Ադրբեջանի իշխանությունների սուր քննադատ: Մայիսի 17-ին փաստաբան Ասլան Իսմայիլովը հայտարարել էր, որ Ռամազանովի կյանքին վտանգ է սպառնում: Փաստաբանները չէին կարողանում տեսակցել ձերբակալվածին:

Մրևնույն ժամանակ contact.az-ը հայտնում է, որ Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության աշխատակից Օրհան Մասուրզադեն հայտարարել է, որ Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը գտնվում է օմբուդսմենի և Խոշտանգումների դեմ կոմիտեի դիտարկման ներքո, պայմաններն այնտեղ համապատասխանում է եվրոպական ստանդարտներին:

«Փաստաբանի հայտարարությունները խոշտանգումների մասին սուտ են», – ասել է ՆԳՆ ներկայացուցիչը: