Հասարակական, քաղաքական շրջանակներում ակտիվորեն լուրեր են պտտվում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել ԼՂ խնդրի շուրջ համընդհանուր հռչակագրի ստորագրման մասին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթի դիվանագիտական աղբյուրների պնդմամբ՝ 6-կետանոց փաստաթղթի ստորագրումից հետո պետք է առաջիկայում փոխվի Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոն:
«Ժողովուրդ»-ը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվել է, թե ինչ է այդ մասին մտածում Արցախի նախագահը և ինչ է պատասխանելու այսօր տարածաշրջանային այցով ժամանող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք մեկնելու են նաև ԼՂՀ:
«Այդպիսի բան չկա, չեմ կարծում, որ նման բան կա, ընդհանրապես դրանք սպեկուլյացիաներ են, իսկ սպեկուլյացիաներին ես որևէ մեկնաբանություն չեմ տալիս»,- թերթին ասել է Բակո Սահակյանի խոսնակը: