Օրեր առաջ զինծառայող Լյուքս Ստեփանյանը դարձավ պաշտպանական ոլորտում ձևավորված ու գործող` քրեական արժեհամակարգի ու բարքերի վրա հիմնված կառավարման համակարգի հերթական զոհը: Այս մասին իր հայտարարության մեջ գրում է «Նախախորհրդարան» միավորումը՝ նշելով, որ «քրեական այդ համակարգը Հայաստանում ձևավորված նորգաղութային կեղեքման կառավարման համակարգի բաղադրիչն է»:
«Այն գործում է օրենքով նախատեսվածին զուգահեռաբար և ըստ էության ներառում է պաշտպանական ոլորտի հիմնական հարաբերությունները, մինչդեռ օրենքով նախատեսվածն ընդամենը սպասարկում է նրան:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի դիակը նրա բնակության վայրից` Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից Երևանի Հանրապետության Հրապարակ բերելու ծայրահեղ քայլն այդ քրեական համակարգի դեմ նրա ծնողների, հարազատների ու համագյուղացիների ընդվզման ցույց էր:
Սրբություն ու օրենք չճանաչող այդ համակարգը դեպի Երևան ուղևորվող ավտոշարասյան երթը խափանելու նպատակով բռնություն է գործադրել սպանված զինծառայողի հարազատների ու համագյուղացիների, այդ թվում` նրա հոր նկատմամբ, խախտել նրանց տեղաշարժվելու ազատության իրավունքը, վնասել նրանց գույքը, ոտնձգություն կատարել դիակի նկատմամբ` փորձելով շուռ տալ նրան տեղափոխող ավտոմեքենան, բազմաթիվ դրվագներով վիրավորել զոհվածի հարազատների ու համագյուղացիների մարդկային արժանապատվությունը:
Որպես բռնության հիմնական գործիք է կիրառվել Ռազմական ոստիկանությունը, որն օրենքով քաղաքացիական բնակչության հետ առնչվելու որևէ լիազորություն չունի, ուստի Զինված ուժերի մաս կազմող այդ ստորաբաժանմանը նման հրաման տված և այդ հրամանը կատարած բոլոր պաշտոնատար անձինք ենթակա են քրեական պատասխանատվության», – նշում են հայտարարության հեղինակները:
«Նախախորհրդարանն» իր զորակցությունն է հայտնում զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի` հանուն արդարության ընդվզած հարազատներին ու համագյուղացիներին:
«Կոչ ենք անում ամուր կառչել հայրենի հողին և բոլոր հնարավոր միջոցներով պայքարել հանուն մեր նահատակների հիշատակի, մեր մարդկային և ազգային արժանապատվության վերականգնման ու Հայրենիքի ազատագրման», – եզրափակում են հայտարարության հեղինակները: