ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ռազմավարական նշանակության փաստաթուղթ է, քանի որ այդ պայմանագիրը, որը առաջարկվել է Արևելյան գործընկերության անդամ երկրներին, իրականում նույնական է, ինչպես, օրինակ, ԵՄ-ի և Նորվեգիայի միջև համաձայնագիրը: Այսինքն՝ Արևելյան գործընկերության երկրները կստանան նույն կարգավիճակը, ինչն այսօր և երկար տարիներ ունի Նորվեգիան, որը ԵՄ անդամ չէ, բայց ԵՄ միասնական շուկային մաս է կազմում: Այս մասին «Առավոտ» թերթի հետ զրույցում ասել է Սլովակիայի արտաքին քաղաքականության ասոցիացիայի հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Դուլեբան:
«Հայաստանը ևս ԵՄ միասնական շուկային մաս կկազմի, իսկ դա նշանակում է, որ առաջիկա երեք-հինգ տարիներին՝ անցումային փուլից հետո, Հայաստանը մաս կկազմի ԵՄ միասնական շուկային, իսկ դա շուկա է, որը չնայած ԵՄ-ում այսօր առկա խնդիրներին՝ կապված եվրատարածքի ճգնաժամի և որոշ երկրների կառավարությունների պարտքերի հետ՝ աշխարհի ամենահարուստ շուկան է, եւ այդ շուկային մաս կազմելը մեծ ձեռքբերում և հնարավորություն կլինի Հայաստանի տնտեսության համար: Որպես օրինակ դիտարկենք, թե ինչ հնարավորություն էր դա նախկին սոցիալիստական երկրների՝ Սլովակիայի համար: Երբ Սլովակիան դարձավ ԵՄ միասնական շուկայի անդամ, տասը տարվա ընթացքում երեք անգամ մեծացան ազգային արտադրանքի ծավալները», – ասել է Դուլեբան:
Նրա խոսքով՝ ընտրությունը, ինչը առաջարկել է ԵՄ-ն, միայն միասնական շուկային մաս կազմելու հնարավորություն չէ, այլև երկրի տնտեսության արդիականացում է:
«Սա չափազանց կարևոր գործոն է, որը պետք է նկատի առնել: Սա նշանակում է, որ Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան պետք է արդիականացնեն, ազատականացնեն իրենց տնտեսությունները, իրենց հասարակությունը և համապատասխանեցնեն ԵՄ չափանիշներին և ԵՄ օրենսդրությանը: Պետք է հստակ գիտակցել, որ երբ Հայաստանը ստորագրի այդ համաձայնագիրը, պետք է ամեն տարի գրեթե 95 տոկոսով ընդունի եվրոպական օրենսդրությունը, բայց ոչ միայն ձեր երկրի խորհրդարանի կողմից օրենքների ընդունում, այլեւ պահանջ, որպեսզի այդ օրենքները կիրառվեն առօրյայում: Սա կարևոր ընտրություն է, դա ոչ միայն ԵՄ միասնական շուկային մաս կազմելու հնարավորություն է, այլև պետք է գիտակցել, որ դա ձեր երկրի եվրոպական զարգացման ճանապարհն է», – ասել է Դուլեբան:
Հարցազրույցն ամբոջությամբ՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում