Օֆշորային ոլորտին փոքր-ինչ ծանոթ մարդը կարող է տեսնել, որ վարչապետին առաջադրված մեղադրանքը, թե ինքը ձեռնարկություն է գրանցել օֆշորային գոտում ինչ-որ մեկի բիզնեսը խլելու համար, անհեթեթություն է: Այս մասին այսօր Ազգային ժողովում ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հիշեցնենք, որ օֆշորային գոտում վարչապետի անունով գրանցված ընկերության մասին գրել էր hetq.am կայքը, իսկ Տիգրան Սարգսյանը դիմել էր դատախազություն՝ պահանջելով ստուգել տեղեկությունը:
Այսօր վարչապետը նշել է, որ ինքը տեղյակ չէր իր անունով գրանցված ձեռնարկությունից:
«Որևէ մեկի համար դժվարություն չէ օֆշորային գոտում ստեղծել ձեռնարկություն Նիկոլ Փաշինյանի անունով՝ չունենալով նրա թույլտվութունը: Սա օֆշորային գոտու առանձնահատկությունն է», – ասել է Սարգսյանը:
Ըստ նրա՝ այս պատմության նպատակն է վարկաբեկել իրեն:
«Եթե ուզում ես մեկին վարկաբեկել, սա հիասքանչ ձև է: Ավելին՝ «Հայկական ժամանակ»-ն ինձ հարց է տվել, թե ես որտեղ եմ գտնվել, երբ գրանցվում էր այդ ձեռնարկությունը: Ես պատասխանել եմ, որ եղել եմ Պրագայում, բազում լրագրողներ լուսաբանել են այդ այցը», – ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ իր անունը կապում են ինչ-որ պատմությունների հետ, սակայն ինքը պետք է պատրաստ լինի նման իրավիճակներում պատասխաններ տալու, քանի որ դա է պահանջում ժողովրդավարական հասարակությունը:
«Մենք ինքներս գնացինք այն ճանապարհով, որ մեր սեփականությունը պետք է հանրային վերահսկողության առարկա լինի: Շատերն ասում էին, որ դա սպեկուլյացիաների առիթ կարող է դառնալ, սակայն մենք հետևողական գնում ենք թափանցիկություն ապահովելու ճանապարհով», – ասել է Տիգրան Սարգսյանը: