Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մոտ 100 մլն. դրամ է (224 400 շվեյցարական ֆրանկ) հատկացնելու Արմավիրի մարզում կարկուտից տուժած 4000 մարդու սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ տրամադրելու համար: Այս մասին ասված է Կարմիր խաչի կողմից տարածած հաղորդագրության մեջ:
Յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը հաշվարկված է բավարարելու տուժած ընտանիքների 3 ամսվա սննդի և հիգիենիկ պարագաների կարիքները:
Հայկական կարմիր խաչի ընկերությունը նշում է, որ Գյուղատնտեսության նախարարության և Արմավիրի մարզի ԱԻ հետևանքների գնահատման հանձնաժողովի հաշվետվությունների համաձայն՝ ամբողջովին կամ մասնակի վնասվել են 46 համայնքների գյուղատնտեսական դաշտերը և այգիները, տուժել է 12 800 ընտանիք, իսկ վնասի մոտավոր չափը կազմել է 25.268.56 մլրդ. դրամ կամ 60 մլն. ԱՄՆ դոլար: Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Հայկական կարմիր խաչի ընկերությունը դիմել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամին` խնդրելով կարկուտից առավել տուժած 14 գյուղական համայնքներին, որտեղ վնասը կազմում է 100 % և բնակվում են տուժած 7131 ընտանիք, մարդասիրական օգնություն տրամադրել:
Դրական արձագանք ստանալով՝ Հայկական կարմիր խաչի ընկերությունն արդեն մշակվել է բաշխման սկզբունքները, յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը և շահառուների ընտրության սկզբունքները՝ առավել խոցելիներին աջակցելու համար: Օգնության բաշխումը կմեկնարկի հուլիսի առաջին շաբաթվանից: