Վերջին շրջանում Հայաստանից մեկնողների թիվն ավելի մեծ է, քան երկիր մուտք գործողներինը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել են ուղևորափոխադրող ընկերությունների և ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները:
«Եթե գյուղերում հարցում կատարեք, ապա կտեսնեք, որ օրական մի քանի ավտոբուս դատարկվում է: Ճիշտ է՝ մեր ընկերությունը զբաղվում է ավիատոմսերի վաճառքով, բայց պետք է նշեմ, որ մարդկանց հոսքը ավելի շատ ավտոբուսներով է: Այս ամիս ավիատոմսերի վաճառքն այնքան էլ լավ չէ, բայց անցած ամիս շատ-շատ էր: Գնացողների թիվն ակնհայտ մեծ է, հետ եկող դեռ չկա: Այս ամիս պետք է հետ եկողների տոմսերի վաճառք լիներ, բայց գրեթե չկա: Այն, որ գնացողների թիվը շատ մեծ է ու հիմնականում տղամարդիկ են, այն էլ՝ խմբերով, ակնհայտ է: Մեկնում են Ռուսաստանի ցանկացած քաղաք, որը որ էժան է, այնտեղից էլ գնացքով մեկնում են իրենց ուզած քաղաքը: Հիմա էլ թանկացել են Սոչիի, Մինվոդիի ավիատոմսերը ու մեկնողները նախընտրում են ավտոբուսը», – հայտնել է «Բիզնես վեյ» ընկերության ներկայացուցիչը՝ խնդրելով չհրապարակել իր անունը:
«Բուս Վոյաժ» ընկերության ներկայացուցչի կարծիքով տվյալ գործընթացը նորություն չէ, Հայաստանից դուրս հոսք միշտ էլ եղել է, սակայն հետո մարդիկ վերադարձել են:
Նրա խոսքով՝ Հայաստանից մեկնողները հիմնականում գնում են աշխատելու նպատակով, ապա հետ են վերադառնում:
«Էսօր ավտոբուս ունենք հետ եկող, մի 65 հոգով գնացել էր, էս պահին հետ ա գալիս 56 ուղևորով: Հիմնականում տղամարդիկ են գնում, իսկ ճանապարհորդելու ձևից մենք արդեն հասկանում են, թե ով է հիմնական գնացողը: Հրաժեշտ տալուց արդեն պարզ երևում է, որ տվյալ անձը երկար ժամանակով է մեկնում: Շարժը 2 տիպի է՝ գնացողները մի շրջան աշխատել են ու այս սեզոնին հետ են գալիս, մինչև աշուն մնում են, աշնանաը նորից մեկնում են, վերադառնում են խորը ձմռանը: Միակ բանը՝ մեզ մոտ ավելացել է մեկնողների քանակը, քանի որ «Արմավիայի» հետ կապված ուղևորափոխադրումները ավտոբուսներով շատացել են», – ասել է «Բուս վոյաժի» ներկայացուցիչը, ով նույնպես խնդրել է չհրապարակել անունը:
Epress.am-ի հետ զրույցում մեկ այլ ուղևորափոխադրող ընկերության ներկայացուցիչ, ով նաև խնդրել է չհրապարակել ընկերության անունը, ընդգծել է, որ արտագաղթի նոր ալիքը ահագնացել է անցյալ տարվա վերջից մինչ հիմա:
«Հիմնական գնացողների թիվն անասելի կերպով շատացել է: Ակնհայտ երևում է, որ տվալ գնացողը այլևս չի վերադառնալու, որովհետև մարդիկ իրենց տներն են վաճառել ու տանում են գույքի այն մասը, որը հնարավոր է: Անգամ գումար են տալիս, բայց իրենց ծնողների ու մեծերի թողած հիշողությունները տանում են: Մենք շաբաթական 3 անգամ ենք ճանապարհում, ու մի շաբաթում 300-400 հոգի ընդմիշտը գնում են, 3 ավտոբուսներից ընդամենը մեկն է ուղևորներով հետ գալիս, այն էլ՝ 20 կամ 30 հոգով. դա էլ կապված է արձակուրդների հետ: Այն մարդիկ, ովքեր մեր մշտական հաճախորդներն են եղել, հիմա տանում են ընտանիքներին ու հարազատներին: Մանավանդ մեծ է տղա երեխաների արտահոսքը: Շատ ցավալի է այս փաստը, սակայն ոչ մեկի մեղադրել չենք կարող՝ մարդիկ ապրել չեն կարող: Ինչու պետությունը չգիտի՞ այս մասին, լավ էլ հետաքրքրվում են», -ասել է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ արտագաղթը թե երևանցիների, թե մազրերի բնակիչների շրջանում է նկատվում, ու հատկապես շատ են մեկնում Գեղարքունիքի մարզից: Արտահոսք է նկատվում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Մշտական բնակության մեկնող մարդկանց թվում մեծ տոկոսն են կազմում նրանք, ովքեր մարզերից եկել են Երևան ու վարձով բնակություն են հաստատել, սակայն հիմա չեն կարողանում ապրուստի միջոց վաստակել և ստիպված հեռանում են: