«Սվոբոդնայա պրեսսա» («Ազատ մամուլ») պարբերականը վերլուծել է ղարաբաղյան հակամարտության պայմաններում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Ռուսաստանի գործողությունները, որը շարունակում է զենք մատակարարել թե Ադրբեջանին, թե Հայաստանին: Զենքի մատակարարումը տարածաշրջանին պարբերականը դիտարկում է նաև Իրանի շուրջ լարված իրավիճակը հաշվի առնելով: Հրատարակությունը մեկնաբանությունների համար դիմել է ռուսաստանցի, հայաստանցի և ադրբեջանցի վերլուծաբաններին:
Սևծովյան և Կասպյան տարածաշրջանի քաղաքական հոտազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարով.
– Ադրբեջանին զենք մատակարարելու անհեռատես որոշումը կապված է Ռուսաստանի իշխանությունում առկա կոռուպցիայի հետ: Զենքը, փաստորեն, վաճառում են մասնավոր գրասենյակները: Նրանց հաճախորդ երկրների քաղաքական իրավիճակն ու խնդիրները չեն հետաքրքրում: Նրանց հուզում է միայն եկամուտը: Իմ կարծիքն այն է, որ Ադրբեջանը դառնում է Ռուսաստանի թշնամին: Ներկայիս Ադրբեջանը հակառուսական դիրքորոշում ունի: Ադրբեջանին զենքը հարկավոր է Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ սկսելու համար, այնուհետև՝ Իրանի դեմ պատերազմին մասնակցելու: Բաքվում արդեն չեն թաքցնում, որ հակաիրանական ագրեսիայի դեպքում պատրաստ են միանալ արևմտյան երկրներին:
Ես վստահ եմ, որ Պուտինը ոչինչ չգիտի: Նրան զենքի մատակարարման մասին հաշվետվություն չեն տալիս, չեն տեղեկացնում այն մասին, որ Ռուսաստանում գոյություն ունի հզոր ադրբեջանական լոբբի: Շատ պաշտոնյաներ գնվել են պաշտոնական Բաքվի կողմից: Նրանցից ոմանք նստած են նախագահի վարչակազմում և Պուտինին հասցնում են միայն այն տեղեկատվությունը, որը նպատակահարմար են գտնում:
Հայաստանը հիմա աչքի առաջ հալվում է: Նախկինում այնտեղ ապրում էր 3,5 միլիոն մարդ, իսկ հիմա՝ միայն 1,5 միլիոն: Մարդիկ այնտեղից փախչում են:
Երբ Ադրբեջանը հայտարարի ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելու մասին, Ռուսաստանը դրա դեմ ոչինչ չի կարողանան անել: Այդ երկիրը զինվում է այն բանի համար, որ դադարեցնի Ռուսաստանի ագրեսիան, քանի որ Ռուսաստանը չի կարողանա հանգիստ նայել Ադրբեջանի՝ ՆԱՏՕ մուտք գործելուն:
Երկրի նախագահ Իլհամ Ալիևը ուզում է մնալ իշխանության ղեկին, իսկ նրա կողքին կանգնած են ավանտյուրիստներ: Նրանք մտահոգված են միայն նավթային եկամուտների միջոցով սեփական հարստության աճի մասին: Միևնույն ժամանակ, Ալիևը անկեղծորեն հավատում է, որ իրեն կհաջողվի Ադրբեջանին միացնել Իրանի մի մասը: Սրան նա դրդում է ժողովրդին: Խելացի մարդիկ, իհարկե, հասկանում են, որ սա հիմարություն է, բայց էլիտան պնդում է:
Բացի այդ, կա համաձայնություն ԱՄՆ-ի հետ, որ «իքս» ժամը կգա, երբ կսկսվի պատերազմը Լեռնային Ղարաբաղի համար: Իսկ Ղարաբաղը սահմանամերձ է Իրանին: Ի դեպ, Ադրբեջանում կա օդանավակայան, որն արդեն վաճառել են Իսրայելին: Այս օդանավակայանը ևս անհրաժեշտ է Իրանի դեմ պատերազմում:
Բաքվում Արևմտյան համալսարանի դասախոս Ֆիքրեթ Սադիխով.
– Ադրբեջանի հասարակությունը դրական է համարում իր բանակի սպառազինությունը նոր տեխնիկայով հագեցնելը, քանի որ արդեն 20 տարի է՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի լուծվում: Այդ տարածքից բացի, ուր տիրում է անջատողականությունը, երկրի յոթ շրջաններ գտնվում են հայկական օկուպացիայի տակ: Այս առիթով կան ՄԱԿ-ի չորս որոշումներ, բայց դրանք չեն գործում: Մեր տարածքները պետք է ազատագրվեն, բայց որոշումները չեն իրականացվում:
Ադրբեջանը մտադիր է անցկացնել դիվանագիտական բանակցություններ, պատրաստ է ակտիվորեն մասնակցել հակամարտության կարգավորմանը: Բայց հարցը չի լուծվում: Այդ պատճառով զենք ձեռք բերելու Ադրբեջանի ցանկությունը միանգամայն բնական է: Մենք միայն ցանկանում ենք ազատագրել մեր տարածքը:
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել են բոլոր առաջատար պետությունները, ճանաչել է Ռուսաստանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ-ն, Եվրախորհուրդը: Մենք մեր ռազմական գործընկերոջից՝ Ռուսաստանից, զենք ձեռք բերելու բոլոր իրավական հիմքերն ունենք: Սա կոմերցիոն պայմանագիր է, ամեն ինչ իրացվում է համաձայնությունների համապատասխան:
«ՍՊ». – Որքանո՞վ են Բաքվում ուժեղ հակառուսաստանյան տրամադրությունները:
– Հասարակությունը չի կարող բաղկացած լինել միայն նրանցից, ովքեր գոհ են հարևան երկրից: Կան տարբեր տրամադրություններ: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում Ռուսաստանի նկատմամբ դրական են տրամադրված: Կան ավանդական, պատմական կապեր, համագործակցություն մի շարք ոլորտներում:
Որոշակի սառնությունը կապված է նրա հետ, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահն է: Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց միևնույն ժամանակ խրախուսում է մեր երկրի տարածքը օկուպացրած Հայաստանին: Հենց սա է Ադրբեջանի հասարակության մի մասի դժգոհության պատճառը: Բայց կրկնեմ, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը դրական է:
«ՍՊ». – Մոտավորապես մեկ տարի առաջ Ադրբեջանի խորհրդարանում խոսում էին Հարավային Ադրբեջանի ազատագրման անհրաժեշտության մասին: Ինչքանո՞վ է իրական ձեր երկրի մասնակցությունը Իրանի դեմ պատերազմին:
– Այսպիսի սցենարը ամբողջովին անհեռանկար է: Այս առումով տարբեր, ամբողջովին անմիտ մտքեր հնչում են խորհրադարանում: Բայց յուրաքանչյուր երկրի խորհրդարանում էլ հնչում են անհիմն մտքեր, այդ թվում՝ Ռուսաստանի Պետդումայում: Նորմալ մարդիկ դա լուրջ չեն ընդունում:
Կովկասի ինստիտուտի (Երևան) տնօրենի տեղակալ Սերգեյ Մինասյան.
– Չնայած Ադրբեջանի կողմից սպառնալիքին, Հայաստանում դրան ադեկվատ պատասխան են տալիս: Իհարկե, Հայաստանում ուրախ չեն, երբ ՀԱՊԿ-ի իր դաշնակից Ռուսաստանը զենքով ապահովում է Ադրբեջանին: Բայց տրամադրությունը հասարակության շրջանակներում նույնն է, ինչ վերջին տարիներին: Հատկապես, երբ Ռուսաստանը Ադրբեջանին զենքի մատակարարումը կոմպենսացնում է Հայաստանին անվճար զինամթերք տրամադրելով: Իհարկե, զինամթերքը նորագույններից չէ, բայց ի վիճակի է հավասարակշռություն պահպանել ղարաբաղյան հակամարտության գոտում:
Ստացվում է, որ Ադրբեջանը վճարում է ոչ միայն իր ձեռք բերած զենքի համար, այլ նաև իր հավանական մրցակցին՝ Հայաստանին, անվճար զենքի մատակարարման համար: Ռուսաստանը փոքր գումարներ չի ստանում: Ստացվում է իրավիճակ, երբ գառները ողջ են, գայլերը՝ կուշտ:
Առաքումների անվանակարգությունը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Բայց Բաքվից Հայաստանի հասցեին սպառնալիքները հնչեցվում են արդեն երկու տասնամյակից ավել, իսկ պատերազմ մինչ այժմ չկա: Այդ պատճառով, ես չեմ կարծում, որ ներկա իրավիճակը ինչ-որ բանով տարբերվում է նախկին տարիներից: Երկու տարի առաջ Ռուսաստանը Ադրբեջանին վաճառեց նորագույն С-300 համակարգեր, բայց նմանատիպ համակարգեր ավելի մեծ քանակությամբ առաքվել են նաև Հայաստան: Ուժերի հավասարակշռությունը չի փոխվել:
«ՍՊ». – Որոշ փորձագետներ խոսում են Հայաստանը լքողների մեծ թվի մասին:
– Ինչքանով ես տեղեկացված եմ, Անդրկովկասում վերջին «քաղցած խռովությունը» տեղի է ունեցել ոչ թե Հայաստանում, այլ Ադրբեջանում: Ադրբեջանում իրավիճակը նման է նավթ մատակարարող այլ երկրների իրավիճակին: Այդ երկրներում կերպարի, մայրաքաղաքների բարելավման վրա միլիարդներ են ծախսում, իսկ սոցիալ-տնտեսական իրավիճակը քիչ է տարբերվում Հայաստանի կամ Վրաստանի վիճակից: Վերջին 20 տարիների ընթացքում Ադրբեջանը լքել է կրկնակի թվով մարդ, քան Հայաստանը: Երկու երկրների ժողովուրդների տնտեսական իրավիճակը նույնն է:
Ռազմական հավասարակշռությունը ևս պահպանվում է: Ինչքան զենք էլ որ Ադրբեջանը գնի, Հայաստանը նույն թվով անվճար զինամթերք կստանա Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում: