Վիրահատությունից հետո հիվանդանոցում մահացած 28-ամյա Մերուժան Ավետիսյանի ծնողները պահանջում են պարզել, թե ով է մեղավորը և պատժել նրան: Բժիշկներն առայժմ չգիտեն, թե որն է մահվան պատճառը:
Միքայելյանի անվան հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում ծնոտի վիրահատությունից հետո մահացած Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ, 28-ամյա Մերուժան Ավետիսյանի ծնողները պահանջում են նախնական կալանքի տակ վերցնել Ավետիսյանին վիրահատած բժիշկ Հայկ Ենոքյանին:
Այս պահանջով մահացած երիտասարդի ծնողներն ու հարազատները նամակ են գրել Սերժ Սարգսյանին, Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
Epress.am-ի հետ զրույցում երիտասարդի հայրը՝ Սիմակ Ավետիսյանը, ասել է, որ իրենք պայքարելու են մինչև վերջ, քանի որ համոզված են, որ իրենց որդին մահացել է բժիշկների բարձիթողի վերաբերմունքի պատճառով: Ծնողները պնդում են, որ Մերուժանը մահացել է քթի մեջ տեղադրված խողովակի պատճառով: Վիրահատությունից հետո երիտասարդն հասկացրել է ծնողներին, որ այն իրեն խանգարում է: Բժիշկները պնդում են, որ կատետերն անհրաժեշտ էր երիտասարդի շնչառությունն ապահովելու համար:
«Մերուժանը անգամ գրիպով չի հիվանդացել, շատ առողջ է եղել, պարզապես ծնոտի հետ կապված խնդիրներ է ունեցել, ինչի պատճառով էլ բժշկի է դիմել», – ասել է հայրը:
Ծնողները մտադիր են պարզել որդու «անհասկանալի իրավիճակում մահանալը», քանի որ ընդամենը նախորդ օրը՝ երեկոյան, հարազատները այցելել են Մերուժանին, և, հոր խոսքով, տղան իրեն լավ էր զգում:
Սիմակ Ավետիսյանն ասել է, որ իրենք Միքայելյանի անվան հիվանդանոցում որդու բուժման համար վճարել են 1 միլիոնից ավելի գումար, սակայն ընդամենը 291 հազար դրամի վճարման անդորրագիր են ստացել: Այնուամենայնիվ, ծնողների իրենց հիմնական պահանջն այն է, որ բժշական սխալ թույլ տալու համար բուժող բժիշկը պատժվի:
«Մեր տղային արդեն հետ չենք բերի, բայց նման անուշադիր լինելու համար պետք է ինչ-որ մեկը պատիժ կրի: Մենք պայքարելու ենք հետագայում նման դեպքերը կանխելու համար»,- ասել է Սիմակ Ավետիսյանը:
Մերուժան Ավետիսյանի մահվան հետ կապված Epress.am-ը խնդրել է պարզաբանումներ տալ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանին:
«Վիրահատությունն անցել է բարձր մակարդակով: Հետվիրահատական շրջանում հիվանդը եղել է լրիվ բավարար վիճակում՝ գիտակցությունը վերականգնվել է ու ամեն ինչ նորմալ է ընթացել: Ամսի 20-ի առավոտյան՝ ժամը 07:15-ից 07:20-ի սահմանում, հիվանդի վիճակը հանկարծ կտրուկ վատացել է: Մահը վրա է հասել րոպեների ընթացքում: Մենք ուղղակի ինքներս էլ չենք կողմնորոշվել՝ ինչից կարող էր մահը լինել ու սպասում ենք դատաբժշկական փորձաքննության տվյալներին», -ասել է Մելքոնյանը:
Փոխտնօրենը նաև նշել է, որ երիտասարդի քթի մեջ տեղադրված կատերեներից մեկը ներշնչայինն է, որով հիվանդը թվածին է ստացել, երկրորդը՝ քիթ-ստամոքսային, որով հիվանդը սնվել է: Մելքոնյանը ևս մեկ անգամ նշել է, որ ոչ մի վարկած չի կարող առաջադրել մինչև փորձաքննության ավարտը:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում երիտասարդի մահվան փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարը՝ med-practic.com