Home / Հայաստան / Արտակ Բուդաղյանին առայժմ տուժող չեն ճանաչել. կարող են որպես կասկածյա՞լ ներգրավել

Արտակ Բուդաղյանին առայժմ տուժող չեն ճանաչել. կարող են որպես կասկածյա՞լ ներգրավել

Հանրավոր է, որ առաջիկայում Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորված Արտակ Բուդաղյանը գործում որպես կասկածյալ ներգրավվի, այնուհետև նրան մեղադրանք առաջադրվի զինված հարձակում իրականացնելու համար: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ երեկ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հետաձգել է գնդապետ Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու մասին միջնորդության քննարկումը։

Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը երեկ այս որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին:

«Բողոքարկումը ներկայացրել ենք հենց գլխավոր դատախազին, որովհետև մենք որևէ հույս չունենք, որ զինդատախազի կողմից կարող է անաչառ մոտեցում լինել՝ հաշվի առնելով դեպքից հետո արված հայտարարությունները», – երեկ թերթի թղթակցին ասել է Ալումյանը։

Վերջինս չի ցանկացել մեկնաբանել Բուդաղյանին որպես կասկածյալ ներգրավելու հավանականությունը՝ հայտարարելով, որ չի ցանկանում անգամ ենթադրել, որ կարող է նման բան լինել:

Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանը հրազենային վնասվածք է ստացել հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ Գորիսում գտնվող առանձնատան դիմաց տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ։ Գնդակը խրվել էր նրա գոտկային մկանային հյուսվածքների մեջ և դեպքի հաջորդ օրն իսկ, երբ նա տեղափոխվել է կենտրոնական կլինիկական հոսպիտալ, գնդակը հեռացվել է նրա մարմնից:

Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով տեղում մահացել է Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը:

Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: