Մոլդովայի Մարդու իրավունքների կենտրոնի տնօրենը պաշտոնապես հայտարարել է, որ մոլդովացի խորհրդարանական փաստաբան Աուրելիու Գրիգորիուի՝ ղարաբաղյան հակամարտության մասին Երևանում հնչեցրած կարծիքը չի արտացոլում Մոլդովայի Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտի դիրքորոշումը:
Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը շաբաթ օրը հեռախոսով զրուցել է Մոլդովայի մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն, Մոլդովայի օմբուդսմեն Անատոլի Մունթյանուի հետ՝ անդրադառնալով նախորդ շաբաթ Երևանում անցկացված համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ մոլդովացի փաստաբան Աուրելիա Գրիգորիուի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:
Ինչպես հաղորդում է ՀՀ օմբուդսմենի գրասենյակը, Մունթյանուն, ով համակարգում է Մոլդովայի Խորհրհդարանական փաստաբանների աշխատանքը, որի անդամ է Գրիգորիուն, հեռախոսազրույցից ժամեր անց ուղերձ է հղել Կարեն Անդրեասյանին.
«Հայտնում եմ իմ ափսոսանքը վերջերս Հայաստանի Հանրապետության Խորհրդարանում ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կազմակերպված «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունը, իհարկե, չի արտացոլում Մոլդովայի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտի դիրքորոշումը նման նուրբ հարցի շուրջ:
Մոլդովայի Մարդու իրավունքների կենտրոնը, ինչպես նաև այլ պետությունների օմբուդսմենների հաստատությունները ապաքաղաքականացված են և նրանց գործողությունները բացառապես կենտրոնացած են մարդու իրավունքների պահպանման դիտարկման ուղղությամբ:
Մոլդոլվայի և Հայաստանի օմբուդսմենների գրասենյակները պահպանել են մշտապես կայուն համագործակցության և փոխադարձ աջակցության հարաբերություններ, և Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունները չպետք է երկու հաստատությունների միջև գժտության պատճառ հանդիսանան:
Հուսով եմ, որ այն ինչ պատահեց Երևանում չի ազդի Մոլդովայի Հանրապտեության և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատույթունների ավանդական հարգանքի և արդյունավետ համագործակցային հարաբերությունների վրա: Օգտագործելով այս հնարավորությունը՝ ցանկանում եմ վերահաստատել, որ այս երկու պետություններում մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն իրականացնելու նպատակով օմբուդսմենի հաստատությունը բաց է համագործակցության համար»:
Հիշեցնենք, որ Աուրելիա Գրիգորիուն հուլիսի 4-ին Երևանում հայկական կողմին մեղադրել է «Խոջալուի ցեղասպանության», «ագրեսիայի» և «ադրբեջանական հողերի 20%-ի գրավման» մեջ: Ավելի ուշ պարզվել է, որ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորիշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Երևան գալուց երկու շաբաթ առաջ Մոլդովայի ներկայացուցիչը հերթական անգամ եղել է Ադրբեջանի մայրաքաղաքում՝ հյուրընկալվելով տեղի «Four seasons Baku» և «The Crown hotel 5 stars» հյուրանոցներում:
Այս փաստը բացահայտել է հայաստանցի բլոգեր Սամվել Մարտիրոսյանը: Վերջինս, ծանոթանալով Facebook սոցիալական ցանցում Գրիգորիուի էջին, հայտնաբերել է, որ իրավաբանը անընդհատ գրում է Ադրբեջանի մասին, մեջբերում է նախագահ Իլհամ Ալիևին և տեղադրում նրա լուսանկարները, «թանկագին Ադրբեջանին շնորհավորում է Հանրապետության օրվա առթիվ», սերտ կապեր ունի Ստրասբուրգում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ և Քիշնևում ադրբեջանական դեսպանատանը ընդունելությունների է մասնակցում: