Թուրքական Իսպարտայի նահանգապետ Մեմդուհ Օգյուզը հուլիսի 10-ին պարգևատրել է հակակառավարական ցույցերը ցրելու ժամանակ աչքի ընկած ոստիկաններին, հայտնում է Hurriyet-ը:
Արարողության ժամանակ, որին ներկա էր նաև տեղական ոստիկանության ղեկավարը, Օգյուզը 102 ոստիկանների դիպլոմներ և շքանշաններ է հանձնել:
Նահանգապետը իրավապահներին գովաբանել է իրենց կատարած աշխատանքի համար. «Երբ ցուցարարները սկսեցին քարեր հավաքել և դիմակներ հագնել, պարզ դարձավ, որ նրանք սադրանքներ են պատրաստում: Սակայն ոստիկանները զսպվածություն ցուցաբերեցին և սադրանքներին չտրվեցին»: Օգյուզն ընդգծել է, որ ոչ միայն ոստիկանությունը, այլ նաև ինքն է «Իսպարտայում ցույցերը կանխելու» մեջ կարևոր դեր ունեցել:
Նահանգապետը նաև նշել է, որ ցույցերի ժամանակ փողոցներ է դուրս եկել վեց հազար մարդուց ոչ ավել, որոնցից մեծ մասը «եկվորներ են եղել»:
Բողոքի ցույցերը Թուրքիայում սկիզբ են առել մայիսի վերջին: Ցուցարարները հանդես էին գալիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ՝ նրան մեղադրելով բռնապետության և իր գաղափարախոսությունը պարտադրելու մեջ:
Էրդողանը ցուցարարներին անվանել է «ահաբեկիչներ, գողեր, հարբեցողներ»: Ցույցերը ցրելու գործընթացում ներգրավվել են հատուկ ուժեր: Երկու շաբաթ անց՝ իշխանությունների՝ մի շարք զիջումների գնալուց հետո, բողոքի ցույցերը դադարեցվեցին: Մասնավորապես, չեղյալ հայտարարվեց Ստամբուլի կենտրոնում գտնվող Գեզի այգին ոչնչացնելու մասին որոշումը, որը և դարձել էլ բողոքի ցույցերի պատճառ: