Մոտ ժամանակներս Վրաստանում կբացվի բաց տեսակի ուղղիչ հիմնարկ, որտեղ գտնվող կալանավորները կկարողանան շաբաթ և կիրակի օրերն անցկացնել իրենց տանը: Այս մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի պատիժների իրագործման և իրավական օգնության նախարար Սոզար Սուբարին (լուսանկարում):
«Մոտ ժամանակներս Պատիժների իրագործման նախարարությունը կստեղծի բաց տեսակի ուղղիչ նոր հիմնարկ, որի բանտարկյալները իրավունք կունենան շաբաթ և կիրակի օրերին գնալ իրենց տուն»,- նշել է Սուբարին:
Նրա խոսքով՝ 2013 թվականը բարեփոխումների տարի է լինելու:
«Աշնանը Ռուստավիում կբացվի նոր ուղղիչ հիմնարկ, որի բանտարկյալները հնարավորություն կունենան աշխատանքի տեղավորվել և նոր մասնագիտություն ստանալ, իսկ տարվա վերջին ծրագրում ենք բացել բանտային հոգեբուժական հաստատություն և բանտային հանրապետական հիվանդանոց»,- հայտարարել է Սուբարին: